Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026 16:24

Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ

Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ

Արմինֆո.Ակբա բանկի խորհուրդը Սոնա Իշխանյանին ընտրել է Ակբա բանկի խորհրդի նախագահի պաշտոնում:

Սոնա Իշխանյանն ունի ավելի քան 24 տարվա մասնագիտական փորձ ներքին աուդիտի, ձեռնարկությունների ռիսկերի կառավարման և ֆինանսական ծառայությունների ոլորտներում։

Իր մասնագիտական գործունեության ընթացքում 18 տարի աշխատել է ներքին աուդիտի և ռիսկերի կառավարման ոլորտում, որից  4 տարի  Deloitte & Touché LLP (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ) ընկերությունում։ 13 տարի աշխատել է որպես աուդիտի հանձնաժողովների նախագահ և անդամ Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի ՊրոԿրեդիտ բանկերում։ 2025 թվականի մայիսից Սոնա Իշխանյանն Ակբա բանկի խորհրդի անդամ է, եղել է բանկի Աուդիտի հանձնաժողովի նախագահը։

Մասնագիտական փորձառությունը ներառում է միջազգային ֆինանսական վերահսկողության և կորպորատիվ կառավարման ստանդարտների (SOX) համապատասխանեցումը, ներքին աուդիտի մեթոդաբանության մշակումը, ֆինանսական հաշվետվողականությունը, բիզնես գործընթացների գնահատումը և միջգործառնական միջազգային կառավարումը։

Սոնա Իշխանյանն ԱՄՆ Նեբրասկայի համալսարանում մագիստրոսի կոչում է ստացել բիզնեսի կառավարման ոլորտում, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է։

Ակբա բանկը շարունակելու է իր գործունեությունը հաստատված ռազմավարական առաջնահերթություններով՝ միտված բանկի անընդհատ զարգացմանը։

Բանկի խորհուրդը շնորհակալություն է հայտնում խորհրդի նախկին նախագահ Ռաֆայել Սարգսյանին՝ բանկի կառավարման և զարգացման գործում ունեցած ներդրման  համար։