
Արմինֆո.Հայաստանի դիզվառելիքի շուկայում ստեղծված բարձիթողի վիճակը հանգեցնում է մշտական արհեստական գնաճի, ինչից տուժում են ոչ թե իշխանությունները, այլ՝ մեր աշխատասեր քաղաքացիները։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշել է, որ վերջին շաբաթում հեղուկ գազի գինը Երևանում և մարզերում ժամ առ ժամ թանկանում է՝ հասնելով ընդհուպ 260-300 դրամի։ Խորհրդարանականի ասելով՝ որոշ տեղերում, նույնիսկ, դեֆիցիտ է առաջացել։ «Բանը հասել է նրան, որ մեր հայրենակիցները ֆեյսբուքյան խմբերում են միմյանց հուշում, թե որ գազալցակայանից կարելի է ձեռք բերել։ Շատերը սկսում են հրաժարվել գազի բալոններից, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում։
Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը։
Նկատենք, որ ապրիլի սկզբերին հեղուկ գազի գինը 170 դրամ էր։ Ստացվում է, որ գործ ունենք 60-70% թանկացման հետ։
Հայաստանում հեղուկ գազի գնի տատանվող գնային քաղաքականությանն անդրադառնում եմ պարբերաբար՝ կոչ անելով պատկան մարմիններին՝ քայլեր ձեռնարկելու ոլորտը կարգավորելու ուղղությամբ։
Մասնավորապես, անհրաժեշտ է հետազոտության իրականացում, որով կպարզվի՝ բնակա՞ն են թանկացման պատճառները, թե՞ կան ընկերություններ, որոնք այնքան էլ «արդար կանոններով» չեն խաղում։
Եթե խնդիրը, ինչպես իրենք են ներկայացնում բոլոր նման դեպքերում, միայն մատակարարման մեջ է, հնարավոր չէ՞ վերահսկելի դարձնել տեղափոխումը, սահմանային ուշացումները։
Շուկայի կարգավորումը, պատշաճ մատակարարման ապահովումը Կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինեին։
Մինչդեռ, բարձիթողի վիճակը հանգեցնում է դիզվառելիքի շարունակական արհեստական թանկացումների, որից տուժում են ոչ թե իշխանությունները, այլ տքնաջան աշխատող մեր քաղաքացիները։
Հրատապ գրություններ եմ ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին՝ պահանջելով պարզաբանել, թե երբ կլուծվի հեղուկ գազի գնի և դեֆիցիտի խնդիրը», - գրել է պատգամավորը։
Նշենք, որ 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, ինչպես վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները, հեղուկ գազը ստացվում է, հիմնականում, Ռուսաստանից (99,1%) կամ 2025 թվականի առաջին կիսամյակում ավելի քան 126 871,9 տոննա ՝ ծավալի 30,6% և մաքսային արժեքի 45,6% աճով (մինչև 42,1 մլն դոլար)։ Իրանից հեղուկ գազի մատակարարումները կրճատվել են 66% - ով ՝ մինչև 553,6 տոննա (0,4%), մաքսային արժեքի 66,7% - ով նվազման դեպքում ՝ մինչև 233,9 հազար դոլար: Իրաքյան հեղուկ գազին բաժին է ընկել 0,1% կամ 218,1 տոննա, ինչը 68,3% ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը, Ընդ որում մաքսային արժեքն աճել է 2,8 անգամ՝ մինչև 146 հազար դոլար: Հեղուկ գազի շատ ավելի փոքր ծավալներ Հայաստան առաքվել են Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից, Բելառուսից, Թուրքիայից, Չինաստանից, Գերմանիայից, Լեհաստանից ։