
Արմինֆո. Գյուղացիներին շահութահարկով հարկելը լուրջ խնդիրներ է առաջացնելու գյուղոլորտի համար։ Դրանից առավելապես տուժելու են ոչ խոշոր տնտեսավարողները։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Նա նշել է, որ գյուղատնտեսության ոլորտը 2027թ․ հունվարի 1-ից հարկվելու է շահութահարկով՝ համաձայն Հարկային օրենսգրքի։ Մինչդեռ, ներկայումս ոլորտը ազատված է հարկերից։
«Հարկային բեռի զգալի աճը, իր հերթին, կբերի արտադրության ինքնարժեքի բարձրացման, ինչը անխուսափելիորեն կարտացոլվի գյուղմթերքի գների վրա։ Այս ամենը կհանգեցնի բնակչության գնողունակության նվազեցմանն ու ընդհանուր բարեկեցության վատթարացմանը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ է Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություն՝ առնվազն 10 տարով հետաձգելով գյուղոլորտի հարկման պահանջը։ Դա հնարավորություն կտա ոլորտը զերծ պահել ռիսկերից և խուսափել սոցիալ-տնտեսական հետևանքներից», - գրել է Մեսրոպ Առաքելյանը։