
Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, չի ստացել «Ջերմուկ» ապրանքանիշի արտադրանքի իրացումն արգելափակելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում ։
«Համաձայն ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկությունների՝ ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրության «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը: Ըստ հրապարակումների՝ կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, գրությունն է «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին։
Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Արդյունքները կհրապարակվեն», - ասվում է ՍԱՏՄ հաղորդագրությունում:
Այսօր հայտնի է դարձել, ոչ «Չեստնի զնակ» մակնշման պետական համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումը օֆլայն և օնլայն խանութներում։ Ինչպես ՌԲԿ-ին հաղորդել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (մակնշման օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են՝ մինչև ստուգման ավարտը։
Շրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակը, որում գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս հասցնելու կանխմանն ուղղված հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»։ Որպես արգելափակման պատճառ նշվել են «պարտադիր պահանջների խախտումները»։