Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026 18:25
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում նախատեսվում է ներդնել քաղաքաշինական գործունեության նկատմամբ տեխնիկական հսկողության եվրոպական մոդել

Հայաստանում նախատեսվում է ներդնել քաղաքաշինական գործունեության նկատմամբ տեխնիկական հսկողության եվրոպական մոդել

Արմինֆո. Հայաստանում կձեւավորվի ինստիտուցիոնալ համակարգ, որպեսզի քաղաքաշինական նորմերի նկատմամբ տեխնիկական հսկողությունը ձեւական բնույթ չկրի։ Այդ մասին ապրիլի 30-ին շինարարական եւ տեխնիկական հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Նա ներկայացրել է այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է կոմիտեն ապագայում շինարարական ծրագրեր իրականացնելիս: Մասնավորապես, հաստատվել է շինարարության ոլորտում գնագոյացման նոր քաղաքականությունը։ «Երկար սպասված այս փոփոխության շնորհիվ առաջիկայում կարգավորումների ամբողջացումից հետո խորհրդային տարիների մեթոդաբանության փոխարեն հաշվի են առնվելու շուկայական իրական գները։ Բացի այդ, մասնագրերում սահմանվելու են կիրառվող նյութերի վերաբերյալ հստակ պահանջներ՝ ապահովելու կանխատեսելիություն և որակյալ արդյունք», - հաղորդել է Եղիազար Վարդանյանը, նշելով, որ նոր մեթոդաբանությունն առաջնահերթ կկիրառվի կրթական և առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերում։

Հաստատվել է նաեւ քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունների վարկանիշավորման կարգը։ Կոմիտեի նախագահը ներկայացրել է սահմանափակումների և արտոնությունների նախնական շրջանակը, որպեսզի հանդիպման մասնակիցների առաջարկները հաշվի առնելուց հետո վերջնական տարբերակը ներկայացվի Կառավարության հաստատմանը։ «Պատշաճ վարքագիծ ունեցող կազմակերպությունները մրցույթներին մասնակցելիս հնարավորություն կունենան մրցակցելու վարկանիշային նույն խմբի կազմակերպությունների հետ։ Նույն հարթությունում այլևս չեն դիտարկվի գնային ցածր առաջարկի շնորհիվ մրցույթներում հաղթող և ծրագրերը ձախողող, ցածր վարկանիշ ունեցող կազմակերպությունները»,- ընդգծել է կոմիտեի նախագահը։ Նա անդրադարձել է նաև տեխնիկական հսկողության պատշաճ իրականացման խնդրին, շեշտելով, որ պետական բոլոր պատվիրատուների մոտեցումը հստակ է. անհրաժեշտ են կտրուկ կարգավորումներ։

«Մեր նպատակը պատժելը չէ։ Մենք ուզում ենք ինստիտուցիոնալ համակարգ ստեղծել, որպեսզի տեխնիկական հսկողությունը ձևական բնույթ չկրի։ Այժմ քննարկում ենք թվային հարթակի կիրառմամբ տեխնիկական հսկողության եվրոպական մոդելը Հայաստանում ներդնելու, ինչպես նաև տեխնիկական հսկողության տոկոսն առնվազն կրկնակի բարձրացնելու նախաձեռնությունը», - ընդգծել է Վարդանյանը, վստահություն հայտնելով, որ նոր կարգավորումների ամբողջությամբ կիրառության մեջ մտնելուց հետո նոր դաշտ է բացվելու պատշաճ վարքագիծ ունեցող կազմակերպությունների համար։