Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 15:05

Ամերիաբանկը և Proparco-ն ստորագրել են 75 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ի աջակցություն Հայաստանի գյուղատնտեսության և փոքր բիզնեսի

Ամերիաբանկը և Proparco-ն ստորագրել են 75 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ի աջակցություն Հայաստանի գյուղատնտեսության և փոքր բիզնեսի

Արմինֆո. Ամերիաբանկը և Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD Group) դուստր ձեռնարկություն Proparco-ն ստորագրել են 75 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր: Պայմանագիրը, որն ստորագրվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում, նպատակ ունի աջակցելու Հայաստանի գյուղատնտեսությանը, ինչպես նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրություններին (ՄՓՄՁ):

Համաձայնագիրը պաշտոնապես վավերացվել է ստորագրման արարողության ժամանակ՝ Ամերիաբանկի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանի և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենարի կողմից:

Վարկային գծի կեսը (37,5 մլն եվրո) կուղղվի կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորմանը՝ հատուկ շեշտադրում կատարելով գյուղատնտեսության ոլորտի վրա: Սա հիմնված է Proparco-ի և Ամերիաբանկի նախկին համագործակցության վրա ագրոպարենային ոլորտում և ջերմոցների կառուցման ու վերակառուցման գործում՝ տեղավորվելով AFD Group-ի ավելի լայն գործունեության շրջանակում՝ ի աջակցություն Հայաստանի գյուղատնտեսության և գյուղական համայնքների: Մնացած 37,5 մլն եվրոն կուղղվի ՄՓՄՁ-ների վարկավորմանը՝ նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և Հայաստանի տնտեսության ձևավորմանը (ֆորմալացմանը): Proparco-ի գնահատականներով՝ ակնկալվում է, որ այս համաձայնագիրը թույլ կտա պահպանել շուրջ 23,000 աշխատատեղ և աջակցել Հայաստանի մոտ 700 ՄՓՄՁ-ների:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար ֆինանսական և տեխնոլոգիական ընկերությունն է, որը նշանակալի ավանդ ունի Հայաստանի տնտեսության մեջ: Հետևելով իր թվային տրանսֆորմացիայի ռազմավարությանը՝ Բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական ապրանքներ, ծառայություններ և հարթակներ՝ նախատեսված իր հաճախորդների զարգացող ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները բավարարելու համար: Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է անխափան լուծումներ կյանքի որակը բարելավելու համար:

Proparco-ի մասին

Proparco-ն՝ Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) դուստր ձեռնարկությունը, իր գործունեությունն իրականացնում է Ֆրանսիայի միջազգային զարգացման և համերաշխության ծրագրի շրջանակներում: Այն գործում է ավելի քան 115 երկրներում՝ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Եվրասիայում և Մերձավոր Արևելքում:
Հատուկ ուշադրություն դարձնելով կայուն զարգացման ոլորտում նորարարությունների աջակցմանը և աշխատելով այն նորարարների հետ, ովքեր ձևավորում են վաղվա մասնավոր հատվածը՝ Proparco-ն օգնում է ստեղծել արժանապատիվ աշխատատեղեր, մատուցել առաջին անհրաժեշտության ապրանքներ ու ծառայություններ և պայքարել կլիմայի փոփոխության դեմ:

Proparco-ն ակտիվորեն նպաստում է Ֆրանսիայի միջազգային գործընկերության և կայուն ներդրումային քաղաքականությանը: