
Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում առկա միտումներին, ատոմային և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն այս ոլորտում, իրականացնել փորձի և տեղեկատվության փոխանակում։
Նախարար Խուդաթյանը կարևորել Հայաստան-Ղազախստան սերտ համագործակցությունը՝ ԱՊՀ անդամ պետությունների խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերին Հայաստանն ու Ղազախստանը ստորագրել են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին հուշագիր։
Նշենք, որ Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալությունը պետական մարմին է, որը պատասխանատու է ատոմային Էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում քաղաքականության իրականացման, միջուկային արդյունաբերության զարգացման և երկրում մասնագիտացված նախագծերի համակարգման համար: Գործակալությունը մասնակցում է ատոմային էներգետիկայի զարգացման ռազմավարությունների մշակմանը, ներառյալ ատոմային էլեկտրակայանների հնարավոր կառուցումը, ինչպես նաև ապահովում է փոխգործակցությունը միջազգային կառույցների, առաջին հերթին, Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ:-