
Արմինֆո. Հայաստանում ոչ հրապարակային ֆոնդերի մասնակիցների (փայատերերի) առավելագույն քանակը 49-ից կհասցվի 99-ի։ ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի նիստում դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյանի խոսքով՝ վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերն ակտիվ աճ են արձանագրում ինչպես գրանցված ընկերությունների քանակով, այնպես էլ գործունեության հիմնական ցուցանիշներով։ Այսպես, 2020-2024 թվականների ընթացքում վերջիններիս թիվը 36-ից հասել է 112-ի։ Չնայած աճի կայուն միտումներին՝ կան որոշ օրենսդրական խոչընդոտներ, որոնք սահմանափակում են ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի բնականոն զարգացումը և պահանջում են համապատասխանեցում միջազգային ընդունված նորմերին։ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի համաձայն՝ ոչ հրապարակային ֆոնդը չի կարող ունենալ 49-ից ավելի մասնակից։ Եթե մասնակիցների թիվը գերազանցում է 49-ը, ոչ հրապարակային ֆոնդը պարտավոր է 90 օրացուցային օրվա ընթացքում՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր ընթացակարգով, վերագրանցվել որպես հրապարակային ֆոնդ կամ համապատասխանաբար կրճատել մասնակիցների թիվը։ Հակառակ դեպքում այն ենթակա է լուծարման դատական կարգով։ Ընդ որում, նշված դրույթի պահանջները օրգանապես կապված են ՀՀ օրենսդրության մի շարք այլ դրույթների հետ։ Մասնավորապես, օրենքի համաձայն՝ ոչ հրապարակային ֆոնդ է համարվում այն ֆոնդը, որի կանոնադրությամբ նախատեսված է, որ իր թողարկած արժեթղթերը չեն կարող տեղաբաշխվել հրապարակային առաջարկի միջոցով, ներառյալ՝ բացառապես անորոշ թվով որակավորված ներդրողներին ուղղված առաջարկը։ Արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում է համարվում արժեթղթերի առաջարկը, որն ուղղված է ավելի քան 100 անձի, ովքեր չեն հանդիսանում որակավորված ներդրողներ, կամ անորոշ թվով անձանց։
Վերոշարադրյալից ակնհայտ է, որ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի տարանջատման միակ և առանցքային չափանիշը նրանց կողմից թողարկված արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման արգելքն է։ Այս մոտեցումն արտացոլում է հրապարակային և ոչ հրապարակային ֆոնդերի համար կարգավորող պահանջների սահմանման միջազգայնորեն ընդունված մոտեցումները, քանի որ հրապարակային տեղաբաշխման դեպքում առկա է շատ ավելի մեծ հանրային շահ, և դրա պաշտպանությունը պահանջում է շատ ավելի խիստ ու մանրամասն պահանջների կիրառում։ Միևնույն ժամանակ, օրենքով սահմանված 49 մասնակցի շեմը չի համապատասխանում այս տրամաբանությանը, քանի որ հրապարակային առաջարկի տեսանկյունից նույնիսկ 100 ոչ որակավորված ներդրողներին արված առաջարկը չի հանդիսանում հրապարակային առաջարկ։ Այդ պատճառով առաջարկվում է փայատերերի քանակն ավելացնել մինչև 99 անձ, ինչը կարող է հանգեցնել նոր ներդրումների ներգրավմանը։