Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 10:08
Մարիաննա Մկրտչյան

«Ъ». Մոսկվան Հայաստանին սպառնում է գազի, վառելիքի և ալմաստի մատակարարման համաձայնագրի խզմամբ

«Ъ». Մոսկվան Հայաստանին սպառնում է գազի, վառելիքի և ալմաստի մատակարարման համաձայնագրի խզմամբ

Արմինֆո.ԵՄ-ի հետ հետագա մերձեցումը Հայաստանին սպառնում է ՌԴ-ից գազի, նավթամթերքի և ալմաստի մատակարարումների ամբողջական դադարեցմամբ։ «Ъ»-ի տվյալներով՝ Մոսկվան այժմ անհնար է համարում 2013 թվականին այս ապրանքների համար տրամադրված անմաքս ռեժիմը և Երևանին սպառնում է երկկողմ համաձայնագրերի սառեցմամբ կամ չեղարկմամբ։

«ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված՝ հանրապետություն բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Սա բխում է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակից»,- հայտնում է «Կոմերսանտ»-ը («Ъ»):

«Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցության խորացմանն ուղղված շարունակական գործնական քայլերը և ԵՄ-ին անդամակցելու՝ Հայաստանի կառավարության հայտարարած ձգտումը վտանգի տակ են դնում ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային պայմանագրերն են»,- ասված է նամակում։

Պարոն Ցիվիլևը գրում է, որ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի փորձերը «չեն համապատասխանում մեր երկրների կառավարությունների և տնտեսվարող սուբյեկտների միջև տասնամյակների ընթացքում հարգանքի, փոխշահավետության հիման վրա կառուցված գործընկերության բնույթին և արտոնյալ հիմունքներով Հայաստանի կրիտիկական կարիքների ապահովման ուղղությամբ ՌԴ-ի կողմից բազմիցս ձեռնարկված գործնական քայլերին»։

ՌԴ էներգետիկայի նախարարությունից և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեկնաբանություններ չեն տրամադրել։

2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է արտահանման մաքսատուրքերը Հայաստան նավթամթերքի, գազի և ալմաստի մատակարարումների համար։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության ճանապարհին, որի կազմում այսօր ներառված են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը։ Համաձայնագրով Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով՝ հաստատված ինդիկատիվ հաշվեկշիռներով, ընդ որում՝ արգելվում է դրանց վերաարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նախատեսվում է նաև, որ կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում շարունակում են գործել Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները որպես ՌԴ հանդեպ Հայաստանի պետական պարտք ճանաչելու պարտավորությունները՝ մինչև դրանց ամբողջական կատարումը։

Հայաստանն իր կարիքները գրեթե ամբողջությամբ ապահովում է ռուսական գազի հաշվին։ 2025 թվականին «Գազպրոմը» երկիր է մատակարարել շուրջ 2,7 միլիարդ խորանարդ մետր գազ։ Եվս մոտ 476 միլիոն խորանարդ մետր ստացվում է Իրանից՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում. Հայաստանն Իրանին էլեկտրաէներգիա է մատակարարում (հիմնականում արտադրված Հրազդանի ՋԷԿ-ում), իսկ Իրանը Հայաստանին՝ բնական գազ՝ 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 կՎտժ հարաբերակցությամբ։

Մինչև 2,5 միլիարդ խորանարդ մետր ծավալով մատակարարումների երկարաժամկետ պայմանագիր է կնքված հայկական «Գազպրոմ Արմենիա»-ի հետ։ 2019 թվականի վերջին ստորագրված՝ 2013 թվականի պայմանագրի լրացուցիչ համաձայնագրով Հայաստանի համար ռուսական գազի գինը սահմանվել էր 165 դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ 2022 թվականին կողմերը պայմանավորվել են այն ֆիքսել այդ մակարդակում ևս տասը տարով։ Այժմ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով, գինը կազմում է 177 դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց։ «Գազպրոմը» հայտնել էր, որ մտադիր է մոտ 400 միլիոն դոլար ծախսել 2026-2030 թվականներին Հայաստանում գազատրանսպորտային համակարգի (ԳՏՀ) և գազի ստորգետնյա պահեստարանների (ԳՍՊ) զարգացման համար։

Երևանն ամեն տարի ՌԴ-ից անմաքս ներկրում է շուրջ 0,9-1 միլիոն տոննա նավթամթերք։ 2025 թվականին ներմուծումը, հանրապետական մաքսատան նախնական տվյալներով, կազմել է 890 հազար տոննա (ներառյալ հեղուկացված գազը, բիտումը և այլն)։

Ալմաստները 2016 թվականին հանվել են համաձայնագրի կարգավորման ոլորտից՝ ԵԱՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու կապակցությամբ։ Հայաստան ներկրվող բոլոր քարերի գրեթե 50%-ն ունի ռուսական ծագում։ Երկրում առկա է ալմաստների սեփական մշակում (ադամանդագործություն), սակայն դրա ծավալները նշանակալի չեն՝ տարեկան 200 հազար կարատ։ Սեփական արդյունահանում չկա։ Հայաստանը հիմնականում զբաղվում է ալմաստի և ադամանդի արտադրանքի վերաարտահանմամբ, այդ թվում՝ ռուսական։