Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 12:45
Ալեքսանդր Ավանեսով

Համաշխարհային բանկը Հայաստանին 170,3 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի բյուջետային աջակցության համար

Համաշխարհային բանկը Հայաստանին 170,3 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի բյուջետային աջակցության համար

Արմինֆո.Համաշխարհային բանկը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցով, Հայաստանին 170,3 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի «Հայաստանի տնտեսական փոխակերպման և զարգացման քաղաքականության իրականացման վարկ» ծրագրի իրագործման համար։ ՀՀ կառավարությունը մայիսի 27-ի նիստում հավանություն է տվել Բանկի հետ համաձայնագրի կնքմանը։

Համաձայնագրի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վարկային միջոցներն ուղղվելու են երկրի պետական բյուջեի աջակցությանը և վճարվելու են մեկ տրանշով։ Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 6-ամսյա Euribor + լողացող սպրեդ։ Վարկային ծրագրի իրականացման ժամկետը 28 տարի է, որից առաջին 10 տարին՝ արտոնյալ։ Վարկի մարումն իրականացվում է կիսամյակային հավասար վճարումներով, ընդ որում՝ առաջին վճարումը պետք է կատարվի 2036 թվականի հունիսի 15-ին, իսկ վերջինը՝ 2053 թվականի հունիսի 15-ին։ Վարկի սպասարկման վճարումները կատարվում են տարեկան երկու անգամ՝ հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին։

Բյուջետային աջակցության միջոցների ստացման նախապայման է մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը։ Ծրագիրն իրականացվում է ՕՊԵԿ-ի հիմնադրամի հետ համատեղ, որը կտրամադրի ևս 80 միլիոն եվրո։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ներդրումային քաղաքականության, առևտրի ազատականացում և մրցակցության խթանմանն ուղղված միջոցառումներ։ Որպես վարկի տրամադրման պայման՝ նախատեսվում էր բարեփոխումների իրականացում ներդրումների և մաքսային ոլորտներում։

Ավելի վաղ կառավարությունը նաև հաստատել և Ազգային ժողովի վավերացմանն էր ներկայացրել «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբերանվտանգության մասին» նոր օրենքները, որոնք սահմանում են կիբերանվտանգության և տվյալների կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը՝ հանրային տվյալների հասանելիության ու օգտագործման ընդլայնման, ինչպես նաև կիբերանվտանգության ապահովման միջոցառումների հաշվին տնտեսության մեջ թվային ծառայությունների զարգացման համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով։