
Արմինֆո.Հայաստանին սպառնում է անցում գյուղատնտեսական արտադրանքի կայուն ներմուծման ռեժիմի։ Այս մասին գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Վահե Դավթյանը։
Նա հիշեցրել է Ռոսսելխոզնադզորի հայտարարության մասին, որը մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծումը։
«Պատրաստվո՞ւմ եք գյուղատնտեսական արտադրանք արտահանել Թուրքիա մեծ դժվարությամբ աշխատող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով։ Շատ բարի։ Միայն թույլ տվեք հիշեցնել, որ Թուրքիան գյուղատնտեսական արտադրության ծավալներով բացարձակ առաջատարն է Եվրոպայում։ 2023 թվականի տվյալներով՝ այն կազմել է 68,9 միլիարդ ԱՄՆ դոլար։ Գյուղատնտեսությանը բաժին է ընկնում Թուրքիայի ՀՆԱ-ի շուրջ 7%-ը և աշխատուժի մոտ 20%-ը»,- նշել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ 2002-ից 2024 թվականներին գյուղատնտեսությունից Թուրքիայի ՀՆԱ-ն 25-ից աճել է մինչև 74 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը՝ 3,8-ից մինչև 32,6 միլիարդ դոլար։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2023 թվականին Թուրքիան գյուղատնտեսական արտադրության ծավալով աշխարհում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ առաջին տեղը՝ շրջանցելով Ռուսաստանին և Ֆրանսիային։
«Գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում։ Այս ամառ մենք կուտենք լավ, էժան միրգ ու բանջարեղեն։ Իսկ հետո կսկսվի ամենահետաքրքիրը։ Հայաստանի գյուղատնտեսությունը, կորցնելով արտահանման և իրացման իր շուկաները, կդադարի լինել մրցունակ տնտեսական ոլորտ՝ անցնելով կայուն ներմուծման ռեժիմի»,- ընդգծել է Վահե Դավթյանը։
Այսօր ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է Ռուսաստան հայկական մրգի և բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակիացած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցությունն ապահովելու նպատակով։ Մինչ այս ռուսական կողմը սահմանափակել էր հայկական ծաղիկների, հանքային ջրերի և որոշ արտադրողների ալկոհոլային արտադրանքի մատակարարումները երկիր։
Հայաստանի փորձագիտական համայնքում հակված են կարծելու, որ ռուսական կողմի պատժամիջոցները առաջին հերթին կապված են հայ-ռուսական հարաբերությունների ավելի քան նկատելի վատթարացման և Երևանի ու Բրյուսելի միջև հարաբերությունների ակնհայտ մերձեցման հետ։