
Արմինֆո.Հայաստանում մարդկային կապիտալի, ինժեներական դպրոցի և տեխնոլոգիական ձեռնարկատիրության զարգացումը՝ գիտության, կրթության և աշխատաշուկայի կապի արագացմանը զուգընթաց, դիտարկվում է որպես թվային տրանսֆորմացիայի կարևոր պայման։ Այս մասին Եվրասիական տնտեսական V համաժողովի շրջանակներում կայացած լիագումար նիստում ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Միևնույն ժամանակ, նա որպես առանցքային մարտահրավերներից մեկը նշել է տեխնոլոգիաների արդյունավետության, անվտանգության և հասարակության վստահության միջև հավասարակշռության ապահովումը։
«Մենք բոլորս ելնում ենք թվային ինքնիշխանության սկզբունքների պահպանման և փոխշահավետ միջազգային համագործակցության կարևորությունից։ Արհեստական բանականության (ԱԻ) կիրառման ընդլայնումը պահանջում է պատասխանատու և կշռադատված մոտեցում։ Անհրաժեշտ է ձևավորել հստակ իրավական շրջանակներ, ապահովել ալգորիթմների թափանցիկությունը, դրանց բացատրելիությունն ու աուդիտի ենթարկվելու հնարավորությունը, ինչպես նաև պահպանել որոշումների նկատմամբ մարդկային վերահսկողության պատշաճ մակարդակը»,- ասել է կառավարության փոխնախագահը։
Որպես ևս մեկ ռազմավարական գործոն նա առանձնացրել է ենթակառուցվածքները։ Փոխվարչապետի խոսքով՝ ժամանակակից լեզվական մոդելների և ԱԻ համակարգերի զարգացումն ուղղակիորեն կապված է բարձր արտադրողականությամբ օժտված հաշվարկային հզորությունների հասանելիության հետ։ Այս առումով Գրիգորյանն ընդգծել է, որ տվյալների մշակման ենթակառուցվածքների և ամպային լուծումների զարգացումը Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից է։
ԵԱՏՄ երկրներում ԱԻ տեխնոլոգիաների զարգացման գործում նա կարևոր քայլ է անվանել ԵԱՏՄ շրջանակներում ԱԻ պատասխանատու զարգացման մասին համատեղ հայտարարության ընդունումը։ Փաստաթուղթը, Գրիգորյանի խոսքով, ամրագրում է տեխնոլոգիաների էթիկայի, անվտանգության և թափանցիկության ընդհանուր սկզբունքները՝ համագործակցությունն ուղղորդելով դեպի Միության երկրների քաղաքացիների և տնտեսությունների իրական կարիքները։
«Վստահ եմ, որ ԱԻ զարգացման նկատմամբ պատասխանատու և նորարարական մոտեցումը մեր երկրներին թույլ կտա ձևավորել կայուն, անվտանգ և մրցունակ ապագա։ Հայաստանը պատրաստ է առարկայական երկխոսության և համատեղ գործնական աշխատանքի՝ այս ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների իրականացման գործում»,- եզրափակել է նա։