
Արմինֆո. Մայիսի 29-ին տեղի ունեցավ AMX-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որը հերթական անգամ համախմբեց Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար կազմակերպություններին։ Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան մրցանակներ շնորհեցին կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին՝ արժևորելով նրանց նշանակալի ներդրումն ու ձեռքբերումները։
Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվեց Հայաստանի ֆոնդային բորսայի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում՝ ձեռք բերելով առավել ընդգրկուն և բովանդակալից բնույթ։ Այն առանձնացավ ոչ միայն նոր ձևաչափով, այլև բովանդակալից քննարկումներով, որոնք նվիրված էին Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարներին, առկա մարտահրավերներին և աճի նոր հնարավորություններին։
Ամփոփելով նախորդ՝ 2025 թվականի շուկայական տվյալները, առանձնացվել են 12 տարբեր անվանակարգերի հաղթողներ, ովքեր նախորդ տարվա ընթացքում կապիտալի շուկայում ծավալել են ակտիվ գործունեություն՝ գրանցելով տպավորիչ ցուցանիշներ։ Հավելյալ 2 անվանակարգերում էլ տրվեցին խրախուսական մրցանակներ տարբեր բանկերի և ներդրումային ընկերությունների աշխատակիցներին:
Միջոցառման ընթացքում կայացած պանելային քննարկումների ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն Անի Մակարյանը ներկայացրեցին AMX խմբի իրագործած բարեփոխումներն ու առաջնահերթ նախագծերը, ինչպես նաև ապագա զարգացման ռազմավարական ծրագրերը: Նրանց ելույթները ընդգծեցին բորսայի հաստատակամ հանձնառությունը՝ շարունակաբար բարելավել շուկայական ենթակառուցվածքները և խթանել ներդրումների համար նոր հնարավորություններ՝ նպաստելով Հայաստանի կապիտալի շուկայի միջազգային մրցունակության ամրապնդմանը:
AMX AWARDS 2026-ի Հայաստանի ֆոնդային բորսայի մրցանակակիրներն են՝
- ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում
- Կոնվերս Բանկ ՓԲԸ-Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում
- ՌՈՔ Կապիտալ- Բորսայի լավագույն անդամ` ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում
- Կոնվերս Բանկ ՓԲԸ-Լավագույն անդամ՝ արտարժույթի շուկայում
- Կոնվերս Բանկ ՓԲԸ-Տաբադուլ հարթակում Բորսայի ամենաակտիվ անդամ
- ՀԱՍՄԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ (Կոնվերս Բանկ ՓԲԸ)-Հասմիկ Մաթևոսյան- Լավագույն Գործընկեր
- ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-Բորսայի լավագուն անդամ ենթակառուցվածքների հետ ինտեգրման ոլորտում
- ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-Լավագույն հաշվետու թողարկող՝ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում
- ԴԱՅՄԵՆՇՆ ՍՊԸ-Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով
- ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-Տարվա առաջատար ոչ ֆինանսական թողարկող՝ ցուցակված բաժնետոմսերի շուկայական ակտիվությամբ
AMX AWARDS 2026-ի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակակիրներն են՝
- ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր
- ՍԱԹԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՌՈՔ Կապիտալ)-Դեպոզիտար համակարգի Հաշվի օպերատորի լավագույն աշխատակից - - ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ ՓԲԸ-Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցող անդամ
- Էվոկաբանկ ԲԲԸ-Դեպոզիտարիայի ավտոմատացված համակարգերի կիրառման լավագույն գործընկեր
AMX մրցանակաբաշխությունը շարունակում է ամրապնդել իր դիրքը որպես ֆինանսական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ արժևորելով կապիտալի շուկայի մասնակիցների նշանակալի ձեռքբերումներն ու ներդրումը ոլորտի զարգացման գործում։ Այս տարվա մրցանակակիրներն առանձնացել են բարձր արդյունավետությամբ և մասնագիտական գերազանցությամբ՝ նպաստելով Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ տեղական և միջազգային ներդրողների վստահության ու հետաքրքրվածության աճին։ Նրանց գործունեությունը կարևոր դեր է խաղում շուկայի շարունակական զարգացման և ընդլայնման ապահովման գործում։