Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026 18:40
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն ապահովել է 70 մլրդ դրամի շրջանառություն․ Մխիթար Հայրապետյան

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն ապահովել է 70 մլրդ դրամի շրջանառություն․ Մխիթար Հայրապետյան

Արմինֆո.  Վերջին մի քանի տարիներին Հայաստանին հաջողվել է նկատելի առաջընթացի հասնել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում, ինչը նպատակաուղղված պետական քաղաքականության արդյունք է: Այդ մասին հունիսի 3-ին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ RISE ֆորում-ցուցահանդեսի բացման ժամանակ։

 

Նրա խոսքով՝ առանցքային գործոն է դարձել Պաշտպանության նախարարության պատվերները կատարող հայրենական ռազմարդյունաբերական արտադրանք արտադրողներին աջակցելու եռամյա պետական ծրագիրը:

 

"Աստիճանաբար եկել է այն ըմբռնումը, որ այս ճյուղը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը ՝ հաշվի առնելով առկա գիտական, ինժեներական և տեխնոլոգիական ներուժը", - նշել է նախարարը: Նա ընդգծել է, որ ծրագրի իրականացումը, գործնականում, նպաստել է տնտեսության նոր հատվածի ձևավորմանը:

 

«Այսօր ռազմարդյունաբերական համալիրի շրջանառությունը հասնում է 70 մլրդ դրամի։ Ճյոուղն արդեն դուրս է գալիս ներքին շուկայի սահմաններից և սկսում է ամրապնդել իր դիրքերը արտաքին շուկաներում", - ասել է Հայրապետյանը։

 

Նրա խոսքով՝ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքն աստիճանաբար դառնում է արտահանման կարևոր ոլորտ։ Նախարարը հաղորդել է, որ բացի արդեն իսկ հայտարարված մատակարարումներից և շուկաներից, ներկայումս տասնյակ միլիոնավոր դոլարների նոր պայմանագրեր են կնքվում նոր գործընկերների հետ:

 

«Ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու որոշումը շրջադարձային էր ճյուղի համար: Դրա հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ գտնվում ենք մեծ ճանապարհի սկզբում միայն», - ընդգծել է գերատեսչության ղեկավարը։

 

Իր հերթին՝ Հայաստանի տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը հայտարարել է, որ երկիրը սեփական բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանն այլընտրանք չունի: «Դա ոչ միայն առանձին ճյուղ է, այլ՝ ողջ տնտեսության լոկոմոտիվը: Հենց հայկական արտադրությունը պետք է դառնա արտադրողականության աճի, մրցունակության բարձրացման և գլոբալ տնտեսությունում երկրի դիրքերի ամրապնդման շարժիչ ուժը», - նշել է նա։

 

Բալդրյանի խոսքով՝ RISE ֆորումը կոչված է դառնալու հարթակ հայկական ընկերությունների միջև համագործակցության և լիարժեք արտադրական շղթաների ձևավորման համար: «Հատկապես կարևոր է, որ նման փոխգործակցության առաջին արդյունքներն արդեն նկատելի են պաշտպանական արդյունաբերության մեջ: Մենք հպարտ ենք, որ այսօր Հայաստանում ձևավորվում է մրցունակ արտադրություն, և վստահ ենք, որ դրա ներուժը բնավ սպառված չէ", - ասել է միության նախագահը։

 

Նշենք, որ RISE ֆորում-ցուցահանդեսն անցկացվում է հունիսի 3-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միությունը:

 

Ֆորումի հայեցակարգը կառուցվում է չորս ուղղությունների շուրջ՝ Research & Development, Innovation, Science և Engineering (հետազոտություն և մշակումներ, նորարարություն, գիտություն և ճարտարագիտություն), որոնք ձևավորում են տեխնոլոգիական զարգացման հիմքը:

 

Մասնակիցների ուշադրության կենտրոնում են երեք հիմնական թեմաներ․  պաշտպանական արդյունաբերություն, ինժեներական լուծումներ և կիբեռանվտանգություն: Որպես բանախոսներ հանդես կգան հայաստանյան և միջազգային ընկերությունների, ինչպես նաև երկրում գործող գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ:

 

Ցուցահանդեսին մասնակցում են պաշտպանական տեխնոլոգիաների և ինժեներական արդյունաբերության ոլորտի լուծումներ տրամադրող ավելի քան 40 ընկերություններ: Ծրագրում նախատեսված են նաև վարժանքներ, գործնական պարապմունքներ և տեխնոլոգիաների ցուցադրություններ, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքերի կառավարման ուսուցում: Բացի այդ, համաժողովի շրջանակներում տեղի կունենան պանելային քննարկումներ և B2B հանդիպումներ ՝ ուղղված գործարար կապերի զարգացմանը և համատեղ նոր նախագծերի գործարկմանը: