Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026 18:13
Ալինա Հովհաննիսյան

Երևանում անցկացվել է հայ-լեհական գործարար համաժողով

Երևանում անցկացվել է հայ-լեհական գործարար համաժողով

Արմինֆո.  Երևանում կայացել է հայ-լեհական գործարար համաժողով, որը կարևոր հարթակ է դարձել Հայաստանի և Եվրոպայի միջև տնտեսական, ներդրումային և ենթակառուցվածքային համագործակցության զարգացման համար:

 

Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ավելի քան 10 մլրդ դոլար ընդհանուր կապիտալով ընկերություններ և ներդրումային կառույցներ ներկայացնող 40 գործարարներից բաղկացած լեհական պատվիրակություն: Վերջիններս ներկայացրել են լոգիստիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, վերականգնվող էներգետիկայի, առողջապահության, ֆինանսների, անշարժ գույքի, շինարարության, արդյունաբերության և միջազգային առևտրի ոլորտները: Մասնակիցների թվում էին նաև գործարարներ, որոնք համագործակցում են համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների և ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Amazon-ը, Volvo Trucks-ը, BMW-ն, Tesla-ն, Microsoft-ը, Shell-ը, Deloitte-ն, Pfizer-ը և այլ խոշոր միջազգային կազմակերպություններ:

 

Համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել B2B հանդիպումներ, շնորհանդեսներ և քննարկումներ, որոնց ընթացքում հայկական և լեհական ընկերությունները քննարկել են համատեղ նախագծերի, ներդրումային նախաձեռնությունների իրականացման և առևտրային համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

 

Միջոցառման առանցքային արդյունքներից էր Հայաստանի և Լեհաստանի գործարար համայնքների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը ՝ ուղղված երկու երկրների միջև ներդրումների խթանմանը, տնտեսական կապերի զարգացմանը և ռազմավարական նոր գործընկերությունների ստեղծմանը: Միջոցառումը կազմակերպվել էր «Մանթաշյանց» գործարար ակումբի, HAYWAY GROUP-ի եւ Employers of Poland («Լեհաստանի գործատուներ») կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ։

 

HAYWAY GROUP-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Արթուր Լեւանդովսկին իր ելույթում ընդգծել է, որ լեհական պատվիրակության այցը կրում է բացառապես գործնական բնույթ, իսկ կողմերը շահագրգռված են տնտեսական համագործակցության երկարաժամկետ նախագծերի իրականացմամբ։ Նրա խոսքով ՝ Հայաստանը կարող է կարեւոր գործընկեր դառնալ եվրոպական շուկաների հետ փոխգործակցության նոր ուղղությունների զարգացման գործում:

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-ապրիլին աճել է 2.2 անգամ ՝ կազմելով 62.5 մլն դոլար: Ընդ որում, արտահանման մատակարարումների ծավալներն աճել են 2.1 անգամ ՝ մինչև 9 մլն դոլար՝ ներմուծման 2.2 անգամ, մինչև 53.5 մլրդ դոլար աճի ֆոնին։