
Արմինֆո. Ակնհայտ է, որ ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանում կփոխվեն նաև էլեկտրաէներգիայի սակագները։ Այդ մասին հունիսի 11-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Նրա խոսքով, երկրում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի շուրջ 30-35%-ը բաժին է ընկնում ջերմային էլեկտրակայաններին, եւ գազի գնի բարձրացման դեպքում սակագնի վրա ազդեցությունը բացասական կլինի: Այնուամենայնիվ, ինչպես կարծում է ՀԾԿՀ ղեկավարը, դրանից տեկտոնական փոփոխություններ պետք չէ ակնկալել, երկիրը չի հայտնվի 1990-ականների սկզբի իրավիճակում, երբ էներգետիկ ճգնաժամի արդյունքում հովհարային անջատումներ էին լինում: Մեսրոպյանը նշել է, որ վերջին տարիներին երկրում ակտիվորեն զարգացել և շարունակում է զարգանալ արևային էներգետիկան: Միայն արևային էլեկտրակայանների առկայությունը թույլ կտա խուսափել 1990-ականների սկզբի ճգնաժամից։
Միաժամանակ, ՀԾԿՀ ղեկավարը ենթադրություն է հայտնել գների բարձրացումից հետո առաջին փուլում հնարավոր խնդիրների առաջացման մասին, սակայն ոչ մի հովհարային անջատում չի սպասվում: Նա հավելել է, որ շուտով կսկսվեն կուտակիչ կայանքների ներդրման աշխատանքները, ինչը նաեւ թույլ կտա համահարթել խնդրի հնարավոր առաջացումը: Նա նաև նշել է, որ եթե անգամ վաղը ՌԴ-ն բարձրացնի գազի գինը, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը հանրապետությունում կգործեն ներկայիս սակագները, այսինքն, որևէ ցնցում չի լինի։ Բացի այդ, անցած տարիների ընթացքում գազի ոլորտում հաջողվել է կուտակել զգալի ռեսուրսներ, որոնք հնարավոր կլինի ուղղել գների աճի հետևանքների մեղմմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման շուրջ համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 177,5 դոլար գնով՝ 1000 խմ դիմաց։ Միևնույն ժամանակ, "կապույտ վառելիքի" արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար: