
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են ներդնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկում քաղաքացիների ավանդների վերադարձման նոր մեխանիզմներ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։
Նրա խոսքով՝ նախորդ տարի փոխհատուցում է ստացել 4010 քաղաքացի՝ 817,2 մլն դրամ ընդհանուր գումարի չափով։ Յուրաքանչյուր շահառուին բաժին է ընկել, միջին հաշվով, 199 հազար դրամ։ Փոխհատուցում են ստացել մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիները:
Թորոսյանը նշել է, որ գերատեսչությունը բավականին շատ հարցումներ է ստանում տվյալ ծրագրի ապագայի վերաբերյալ։ Այդ առնչությամբ նա նշել է, որ այն շարունակելու նոր մեխանիզմներ են նախապատրաստվում։ Բայց դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրություններ կատարել հնարավոր շահառուների թվի վերաբերյալ, որպեսզի պետբյուջեի միջոցների հաշվին լուծվի քաղաքացիների մնացած մասի խնդիրը։ "Մենք պետք է գնահատենք այս հարցի իրական պահանջարկը, առանց որի դրա վերջնական լուծման հնարավորություն չկա։ Այդ իսկ պատճառով առայժմ ստիպված ենք ամեն տարի պլանավորել պետական գանձարանի ծախսերը ։ Տվյալների առկայության դեպքում հարցը կարելի էր միանգամից լուծել", - ասել է նախարարը։