
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հունիսի 11-ին ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզեին։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում Անուշիկ Ավետյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում պետական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները՝ ընդգծելով արտահանման դիվերսիֆիկացման և ԵՄ անդամ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Այնուհետև քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերը համակարծիք էին, որ երկկողմ առևտրաշրջանառության ավելացման համար առկա է զգալի ներուժ, և ներկայումս ստեղծվել են բարենպաստ պայմաններ այն արդյունավետ իրացնելու համար։
Անդրադարձ է կատարվել հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին։ Ընդգծվել է գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը և դիտարկվել է առաջիկայում բիզնես այց կազմակերպելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի վերջին Հայաստանն ու Լյուքսեմբուրգը ստորագրել են "Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին" համատեղ հռչակագիրը: Հաստատելով ռազմավարական գործընկերություն ՝ Հայաստանի Հանրապետությունը և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը վերահաստատել են իրենց վճռականությունը ՝ խորացնելու հարաբերությունները քաղաքական, տնտեսական, պաշտպանական, անվտանգության, արդարադատության, մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, ինչպես նաև ուսումնասիրելու դրանք նոր ոլորտներում ընդլայնելու հնարավորությունները:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալներում արտաքին առևտրի բաժնում Լյուքսեմբուրգը բացակայում է: