
Արմինֆո. «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը կներկայացնի արհեստական բանականությանը նվիրված աշխատարան։ Ինտենսիվ AI Filmmaking Workshop-ը միտված է կինոարտադրության և նորագույն տեխնոլոգիաների միջև կապի ամրապնդմանը։ Այն իրականացվում է Lumiverse հարթակի հետ
Ինչպես նշվում է փառատոնի կազմակերպիչների հաղորդագրությունում, արհեստական բանականությունը շարունակում է վերափոխել համաշխարհային ժամանցային և ստեղծարար արդյունաբերությունը, և GAIFF Pro-ի նոր նախաձեռնությունը կինոոլորտի մասնագետներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գործնական գիտելիքներ և տիրապետել ժամանակակից աշխատանքային մեթոդներին՝ ոլորտի առաջատար փորձագետների ղեկավարությամբ։
Աշխատարանը կանցկացվի հուլիսի 13-15-ը և կավարտվի հուլիսի 16-ին կայանալիք հատուկ ցուցադրությամբ։ Մասնակիցները կաշխատեն արհեստական բանականության ոլորտի մասնագետներ Վահան Սեթոյանի և Լիլիթ Բարսեղյանի հետ։ Ծրագիրը նախատեսում է ոչ թե տեսական քննարկումներ, այլ անմիջական մասնակցություն ստեղծագործական գործընթացին․ առաջին իսկ օրը մասնակիցները կստանան սցենար, որի հիման վրա երեք օրերի ընթացքում համատեղ կստեղծեն և կմոնտաժեն կարճամետրաժ ֆիլմ՝ օգտագործելով պրոֆեսիոնալ ԱԲ գործիքներ և ծրագրային ապահովում։ Վերջնական արդյունքը հուլիսի 16-ին կներկայացվի GAIFF Pro-ի շրջանակում։
«Արհեստական բանականության միջոցով ստեղծված նախագծերն ու ԱԲ-ի վրա հիմնված աշխատանքային գործընթացներն արդեն մեր ոլորտի անբաժանելի մասն են դարձել։ Մենք չպետք է անտեսենք այդ փոփոխությունները, այլ պետք է գտնենք ուղիներ՝ դրանք էթիկապես և արդյունավետ կերպով կինոարտադրության մեջ ներառելու համար։ Այս աշխատարանը հենց այդ նպատակին է ծառայում՝ առաջարկելով անմիջական և գործնական փորձառություն»,– նշում է GAIFF Pro-ի ղեկավար Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը։
«Արհեստական բանականությունն այսօր զարգանում է այնպիսի արագությամբ, որ ավանդական կրթական համակարգերը հաճախ չեն հասցնում համընթաց շարժվել դրա հետ։ Սակայն չափազանց կարևոր է, որ ոլորտի մասնագետները հնարավորինս շուտ և առավելագույն ծավալով ձեռք բերեն այս գիտելիքները»,– ընդգծում է ԱԲ մասնագետ Վահան Սեթոյանը։
Ծրագիրը նախատեսված է բացառապես կինոարտադրության ոլորտում արդեն կայացած մասնագետների ՝ ռեժիսորների, պրոդյուսերների, օպերատորների, մոնտաժողների և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար, որոնք ունեն մասնագիտական փորձ և տիրապետում են ոլորտային մասնագիտական տերմինաբանությանը։
Հիշեցնենք, որ "Ոսկե ծիրան" կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004 թվականից և համարվում է տարածաշրջանում ամենահեղինակավորներից մեկը: Հիմնադիրներն են Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը: Փառատոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Կարեն Ավետիսյանը:
Այս տարի «Ոսկե ծիրանը» կանցկացվի հուլիսի 12-19-ը: