Հինգշաբթի, 11 Հունիսի 2026 19:13
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կտրուկ կբարձրանան ծխախոտի արտադրանքի գները, հավանության են արժանացել Հարկային օրենսգրքի փոփոխությունները

Հայաստանում կտրուկ կբարձրանան ծխախոտի արտադրանքի գները, հավանության են արժանացել Հարկային օրենսգրքի փոփոխությունները

Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է փոխել ակցիզային հարկերի դրույքաչափերը։

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, գործադիրը հունիսի 11-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, անուղղակի հարկերի գծով հարկային բեռի բարձրացումը, լրացուցիչ հարկային եկամուտների ապահովումը, ԵՏՄ հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցության շրջանակներում ակցիզային հարկերի դրույքաչափերի ներդաշնակեցումը, ինչպես նաև առաջիկա տարիներին կանխատեսվող գների աճով պայմանավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի ինդեքսավորումն է: Օրինագծով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Մասնավորապես՝ առաջիկա տարիներին կանխատեսվող գնաճով պայմանավորված՝ ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ յուրաքանչյուր տարվա գործակիցը սահմանելով 3 տոկոս։ Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին 25 և 20 տոկոսով, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի 30 տոկոսով։ Օրինագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 2404 91 000 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքը հարկել ակցիզային հարկով, իսկ ակցիզային հարկի դրույքաչափը առաջին տարում սահմանել 2,800 դրամ, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի բարձրացնել 30 տոկոսով։ Մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով՝ հաշվի առնելով այն, որ վարչարարական կարողությունները զարգացել են, և լաբորատոր փորձաքննության արդյունքներով հնարավոր է պարզել, որ տվյալ արտադրանքն իրապես պատրաստված է մրգահատապտղային հումքից։ Կոնյակագործությունը և խաղողագործությունը խթանելու նպատակով կոնյակի ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) համար առաջարկվում է սահմանել 4000 դրամ՝ անկախ տարիքային խմբից։