
Արմինֆո. ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր։
«Հ.Ա.Տ ԳՈԼԴ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունն օգտվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2029 թվականների» ծրագրից։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ընկերության ղեկավարը ներկայացրել է կառուցման ընթացիկ աշխատանքները և տեղեկացրել, որ միջին հզորության այս խեցգետնաբուծարանի տարեկան արտադրությունը կազմելու է 12 տոննա, ներդրվող գումարը կազմում է 129 900 000 ՀՀ դրամ, իսկ փոխհատուցման գումարը՝ 64 950 000 ՀՀ դրամ։
Տաթևիկ Սարգսյանը կարևորել է պետություն-մասնավոր նմանօրինակ համագործակցությունը, որն ուղղված է ոլորտի զարգացմանը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2026 թվականի առաջին եռամսյակում ձկնաբուծության ոլորտում որսը կազմել է 9 350 տոննա, ինչը 3,9 տոկոսով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը:
Նշենք, որ պետական ծրագիրն իրականացվում է 2024-2029թթ. և ենթադրում է ներդրումային ծախսերի 50% - ի փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան ծախսերի յուրաքանչյուր հոդվածի համար սահմանված արժեքի 50% - ը:
Ծրագիրը նախատեսում է երեք տեսակի խեցգետնաբուծական համալիր ստեղծում․ փոքր' 460 քմ ընդհանուր մակերեսով եւ տարեկան 6 տոննա արտադրական հզորությամբ, միջին' 800 քմ մակերեսով, տարեկան 12 տոննա արտադրական հզորությամբ, խոշոր' 1050 քմ մակերեսով, տարեկան 18 տոննա արտադրական հզորությամբ: