
Արմինֆո. Ֆրանսիական Thales ընկերությունը և հայկական BuTech ընկերությունը հայտարարել են ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ՝ այն համարելով մեծ ձեռքբերում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) համար։
«Հայաստանի բարձր տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության համար նման համաշխարհային առաջատարի հետ համագործակցությունը չափազանց կարևոր ազդակ է․ հայկական ընկերությունները հետզհետե ավելի մեծ կարողություն են ցուցաբերում լուծումներ մշակելու, բարդ համակարգեր ինտեգրելու և միջազգային չափանիշներին համապատասխանելու գործում։
Կարևոր է ընդգծել, որ այս իրադարձությունները հաջորդում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում մայիսի 5-ին Երևանում ռազմավարական փաստաթղթի ստորագրմանը։ «Թալես» - «ԲուՏեխ» գործընկերությունը կնպաստի Հայաստանում բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծմանը, կխորացնի ՀՀ-Ֆրանսիա ռազմական և տեխնոլոգիական համագործակցությունը, և կամրապնդի մեր երկրների միջև ռազմավարական փոխգործակցությունը», - գրել է նախարարը։
Նշենք, որ Thales-ը ֆրանսիական անդրազգային ընկերություն է, պաշտպանական տեխնոլոգիաների, օդատիեզերական արդյունաբերության, կիբեռանվտանգության, թվային նույնականացման և անվտանգության համակարգերի համաշխարհային առաջատարներից մեկը: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզում։ Ընկերությունը լուծումներ է մշակում աշխարհի ավելի քան 60 երկրներում զինված ուժերի, քաղաքացիական ավիացիայի, տիեզերական արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների և պետական կառույցների համար: Thales-ը արտադրում է ռադիոտեղորոշիչ համակարգեր, կապի միջոցներ, ավիոնիկա, արբանյակային տեխնոլոգիաներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և տվյալների պաշտպանության և կրիտիկական ենթակառուցվածքների ծրագրային ապահովում: BuTech -ը պաշտպանական արդյունաբերության համար տեխնոլոգիական լուծումների մշակման և արտադրության ոլորտում մասնագիտացած հայկական ընկերություն է, որը հիմնադրվել է 2019-2020թթ.:. Ընկերությունը զբաղվում է պաշտպանական համակարգերի ինտեգրմամբ, անվտանգության և պաշտպանության ոլորտների համար ծրագրային ապահովման, անօդաչու հարթակների, կառավարման համակարգերի և այլ բարձր տեխնոլոգիական արտադրանքների ստեղծմամբ: