Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026 21:13

«Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ի իրավաբանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել ՀԷՑ-ի սեփականազրկման առնչությամբ

«Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ի իրավաբանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել ՀԷՑ-ի սեփականազրկման առնչությամբ

Արմինֆո.  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության սեփականազրկման վերաբերյալ արբիտրաժային դատավարությունն անցնում է իրավազորության վերաբերյալ Հայաստանի առարկությունների քննությանը: 2026 թվականի հունիսի 16-ին ՀԷՑ-ի սեփականազրկման վերաբերյալ ներդրումային վեճը քննող արբիտրաժի կազմը կայացրել է դատավարական որոշում ՝ վարույթը երկու առանձին փուլերի բաժանելու մասին:

Այդ մասին ասվում է ՀԷՑ-ի բաժնետեր "Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ" ընկերության իրավաբանական թիմի անունից տարածված հաղորդագրության մեջ։

 

Առաջին փուլում արբիտրաժը կուսումնասիրի ՀՀ կառավարության կողմից ներկայացված իրավազորությանը վերաբերող առարկությունները: Այս փուլի ավարտից հետո արբիտրաժը կանցնի վեճի քննությանը ըստ էության, ներառյալ պետության գործողությունների իրավաչափության և ներդրումների օտարման համար պատասխանատվության հարցերը: Գործընթացը փուլերի բաժանելը միջազգային ներդրումային վեճերում հաճախ հանդիպող պրակտիկա է, որը ենթադրում է մեծ թվով վիճելի հարցեր: Միևնույն ժամանակ, կայացված որոշումը կրում է բացառապես դատավարական բնույթ և չի վկայում այն մասին, որ արբիտրաժը Հայաստանի փաստարկները ճանաչել է հիմնավորված կամ բավարարման ենթակա:

 

Ընդհակառակը, 2026 թվականի հունիսի 16-ի իրենց որոշման մեջ արբիտրները բացահայտորեն նշել են, որ սույն որոշման նպատակների համար արբիտրաժի կազմը պարտավոր չէ որոշում կայացնել նշված առարկությունների էության վերաբերյալ. ավելին, եթե դա աներ, արբիտրաժի կազմը հիմնավորված քննադատության կենթարկվեր այն բանի համար, որ, իբր, ձեռնամուխ է եղել այդ առարկությունների հիմնավորվածության սխալ և վաղաժամ գնահատմանը: Այսպիսով, իրավազորության վերաբերյալ Հայաստանի կառավարության առարկությունների հիմնավորվածության հարցը մնում է բաց և կդառնա առանձին քննարկման առարկա:

 

Դատավարության բաժանման մասին որոշումը չի կանխորոշում տվյալ փուլի ելքը և չի կարող դիտարկվել որպես պետության իրավական դիրքորոշման հաստատում: Ընդ որում, Հայաստանի կառավարության խնդրանքով նախաձեռնված դատավարության տարանջատումը կարող է հանգեցնել արբիտրաժային գործընթացի տևողության և արժեքի էական ավելացման: Այն դեպքում, եթե արբիտրաժը մերժում է իրավազորության վերաբերյալ բոլոր առարկությունները և ըստ էության բավարարում է ներդրողի պահանջները, գործի երկփուլ քննությամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը կարող են դրվել Հայաստանի վրա:

 

Ներդրողները շարունակում են ձգտել միջազգային արբիտրաժում իրենց իրավունքների լիարժեք պաշտպանությանը և վստահ են իրենցից հետ առգրավվող/ունեզրկվող ներդրումների առնչությամբ ներկայացված պահանջների հիմնավորվածությանը:

 

Անցած տարվա հուլիսին ներդրված միջանկյալ միջոցները, որոնք արգելում են Հայաստանին ՀԷՑ-ի օտարմանն ուղղված ցանկացած գործողություն, շարունակում են ուժի մեջ մնալ ։ Ըստ այդմ, ՀԷՑ-ի եւ նրա բաժնետերերի դեմ Հայաստանի կառավարության ցանկացած նոր անօրինական գործողություն, ներառյալ ընկերության ազգայնացումը, կխախտի այդ միջոցները եւ կհանգեցնի Հայաստանի միջազգային իրավական պատասխանատվության, ասվում է հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի սկզբին Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացրել ամբողջությամբ ազգայնացնել գլխավոր ընդդիմադիր քաղաքական գործիչ Սամվել Կարապետյանին պատկանող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությունը։ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ին զրկել է էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայից ։ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարում էր, որ մինչև 2026 թվականի փետրվարի վերջ պետությունը բանակցելու է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի հետ գույքի սեփականության իրավունքի փոխանցման շուրջ: ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել իշխող կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը ՝ ընկերության օտարման գործընթացը համակարգելու և ընկերության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

 

Գործով դատավարությունն ընթանում է Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալում ՝ ընկերության սեփականատերերի (գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի եւ Liormand Holdings Limited ընկերության) հայցով ՝ընդդեմ Հայաստանի կառավարության: 2025 թվականի հուլիսին ՝ ազգայնացման գործընթացի մեկնարկից անմիջապես հետո, արբիտրաժը միջանկյալ միջոցներ կիրառեց եւ ժամանակավորապես արգելեց Հայաստանին "Հայաստանի էլեկտրական ցանցերի" (ՀԷՑ) ակտիվները հետ վերցնել, սակայն կառավարությունը չենթարկվեց այդ միջանկյալ որոշմանը ։ Այնուամենայնիվ, 2026 թվականի հունվարին Ստոկհոլմի տրիբունալը ամբողջությամբ մերժեց հայցվորների կողմից պահանջվող կոշտ միջանկյալ միջոցները: Սեփականատերերը պահանջում էին վերադարձնել լիցենզիան և վերականգնել նախկին մենեջմենթի լիազորությունները ։ Դատարանը նրանց պահանջներն անհիմն է համարել, ինչը թույլ է տվել Հայաստանին շարունակել ընթացակարգը ։ Հունիսին արբիտրաժը համաձայնել է բաժանել գործընթացը և առաջին հերթին քննել այն հարցը, թե արդյոք արբիտրաժն ընդհանրապես իրավունք ունի (իրազորություն) դիտարկել այդ վեճը: Պաշտոնական Երեւանն ապացուցում է, որ հայցվորները խախտել են միջազգային համաձայնագրերը եւ չեն կարող օրինական «ներդրողներ» համարվել նման դատարանի համար: