Հինգշաբթի, 18 Հունիսի 2026 12:10
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ կառավարությունը 1,634 մլրդ դրամ կհատկացնի շինարարական կազմակերպությունների հանդեպ ֆինանսական պարտավորությունների կատարման համար

ՀՀ կառավարությունը 1,634 մլրդ դրամ կհատկացնի շինարարական կազմակերպությունների հանդեպ ֆինանսական պարտավորությունների կատարման համար

Արմինֆո.  Կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ առաջարկվում է 2026 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 634 մլն դրամ՝ պետական համաֆինանսավորման ծրագրով համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված աշխատանքները համաֆինանսավորելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

 

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 13 համայնքների թվով 16 սուբվենցիոն ծրագրեր՝ ըստ մարզերի հետևյալ բաշխվածությամբ. Արագածոտնի մարզ՝ 1 ծրագիր, Արարատի մարզ՝ 3 ծրագիր, Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ՝ 2 ծրագիր, Կոտայքի մարզ՝ 3 ծրագիր, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր։ «Այս համաֆինանսավորումը հաստատելու պարագայում արդեն 7 մլրդ 35 մլն դրամի համաֆինանսավորված ծրագրեր կունենանք 2026 թ. պետական բյուջեից»,-ասել է նախարարը։

 

Վարչապետը ներկայացրել է համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը. Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան, Ծաղկաշեն, Արագած, Քուչակ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքներ ընթացքի մեջ են, ասֆալտապատվել է շուրջ 2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ), Արարատի մարզի՝ Մասիս համայնքի Այնթապ, Արևաբույր, Ն․ Խարբերդ, Ն․ Կյուրին, Ջրահովիտ բնակավայրերի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ (կատարված շինարարական աշխատանքները՝ 70 %, ասֆալտապատվել է 10.2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ), Արբաթ, Արևաբույր, Գեղանիստ, Խաչփար, Նորաբաց բնակավայրերի ջրամատակարարման համակարգի կառուցում/նորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90 %, կառուցվել է 6,5 կմ երկարությամբ ջրամատակարարման համակարգ, շահառուները՝ 327 տնային տնտեսություն), Արտաշատ համայնքի Ոստան, Դվին, Այգեստան, Կանաչուտ, Նորաշեն, Բերդիկ և Վերին Արտաշատ բնակավայրերի գազիֆիկացում (ավարտված է, կառուցվել է 3,8 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 61 տնային տնտեսություն), Արմավիրի մարզի՝ Վաղարշապատ համայնքի Դաշտ բնակավայրի Բարեկամություն և Համերաշխություն փողոցների գազիֆիկացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, կառուցվել է 1,8 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 112 տնային տնտեսություն), Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի Հ. Մկրտչյան և Արարատյան փողոցների, Գրիբոյեդով բնակավայրի Պ. Սևակ փողոցի, Առատաշեն և Խորոնք բնակավայրերի փողոցների գազիֆիկացում (ավարտված է, կառուցվել է 1,7 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 38 տնային տնտեսություն), Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 80 սանի համար), Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցում (ավարտական փուլ, վերակառուցվել է 220 քմ մակերեսով կենտրոնական շատրվանը), Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի մշակույթի տան վերանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, վերանորոգվել է 310 քմ մակերեսով տարածք), Մարտունի համայնքի Ծովինար և Զոլաքար բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, կառուցվել է 2,1 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 220 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 50 հա), Կոտայքի մարզի՝ Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Սարալանջի, Երիտասարդական, Շինարարների, Պիոներական փողոցների ասֆալտապատում, ջրահեռացման համակարգի կառուցում, մայթերի հիմնանորոգում և եզրաքարերի փոխարինում (կատարված շինարարական աշխատանքները՝ 75%, ասֆալտապատվել է 3.5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ, անցկացվել են 6,9 կմ երկարությամբ ջրահեռացման խողովակներ և կատարվել են 11,9 կմ երկարությամբ մայթերի հիմնանորոգման և եզրաքարերի փոխարինման աշխատանքներ), Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի, Զովունի, Պռոշյան, Բուժական, Արագյուղ և Սարալանջ բնակավայրերի ոռոգման ցանցի կառուցում (ավարտական փուլ, կառուցվել է 7 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 1700 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 115 հա), Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի «Ծիծեռնակ» մսուր մանկապարտեզի վերակառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 350 սանի համար), Տավուշի մարզի՝ Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրի ճանապարհների հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով (կատարված շինարարական աշխատանքները՝ 50%, սալարկվել է 8122 քմ մակերեսով ճանապարհ), Իջևան բնակավայրի Մետաղագործների 1,8,9,10 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, վերանորոգվել է թվով 4 բազմաբնակարան բնակելի շենքի 12599 քմ արտաքին մակերեսը), Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի 10-րդ փողոցի սալապատում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 60%, սալարկվել է 3400 քմ մակերեսով ճանապարհ)։

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերի ծավալներն էականորեն աճում են. «Գործնականում այն ինչ արվել է նախորդ 8 տարում, հիմա համայնքներ կան, որ 2026 թվականին ներկայացնում են այդ ծավալի ծրագրեր։ Ակնհայտ է, որ սուբվենցիոն համակարգը մեր ամենահաջող նախագծերից է, որը հանրապետությունն է, ընդհանուր առմամբ, էականորեն վերափոխել և տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունն այդտեղ արտահայտվում է։ Մենք մաքսիմալ այդ ծավալները պետք է վերցնենք և դրանով շարունակենք առաջ գնալ»։

 

ՏԿԵ նախարարն էլ տեղեկացրել է, որ նախորդ տարի պատմական համաֆինանսավորում է տեղի ունեցել. «Շուրջ 60 մլրդ դրամի 2025 թվականին աշխատանք ենք իրականացրել. կեսից ավելին ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Իսկ ծավալների շեշտակի աճը պատկերացնելու համար ընդամենը կասեմ, որ հիմա շուրջ 1 տասնյակի համայնքներ ունենք, որոնց ասֆալտապատման հայտերը գերազանցում են 3 միլիարդը, 4 միլիարդը. դրանք այն հայտերն են, որոնք ներկայացվում են 2026 թվականի համար»:

 

Անդրադառնալով, մասնավորապես՝ Իջևան համայնքում բազմաբնակարանային 4 շենքերի էներգաարդյունավետության արդիականացմանը, վարչապետը կարևորել է էներգախնայողության ծրագրերը՝ ընդգծելով, որ մարդկանց արձագանքները շատ դրական են, քանի որ գործնականում արձանագրվում է կոմունալ ծախսերի էական կրճատում։ «Պետք է գտնել այդ ծրագիրը շարունակելու ձև։ Երբ մենք խոսում ենք էներգետիկ վերափոխման մասին, մասնավորապես՝ բնակարանների էներգիա արդյունավետության բարձրացումն էներգետիկ վերափոխման եզրափակիչ փուլն է։ Պետք է մտածենք, թե միջգերատեսչական ի՞նչ ձևաչափ կարող ենք ունենալ, որպեսզի ապահովվի էներգետիկ այս տրանսֆորմացիան, որը վերաբերում է բոլոր փուլերին՝ արտադրական հզորությունների դիվերսիֆիկացմանն ու արդյունավետության բարձրացմանը», -նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ծրագիրը պետք է իրականացնել հանրապետության բոլոր սեյսմակայուն, պանելային շենքերի համար։

 

Վարչապետն անդրադարձել է նաև համայնքներում լողավազաններ կառուցելու ծրագրերին, դրանց իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին և լուծմանը։ «Առնվազն այն քաղաքներում, որտեղ գոնե ավելի քան 3 ամիս լողալու սեզոն կա, այդ ծրագիրը պետք է իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է սկսել մարզկենտրոններից լողավազանը սպասարկող սխեմայով՝ հանդերձարան և այլն: