
Արմինֆո.Եվրոպական միություն է ժամանել հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպումից հետո:
«Շնորհակալություն նախարարին նվերի և շատ հաճելի զրույցի համար: Մենք հանդիպեցինք «Կապի ոլորտի օրակարգ» (Connectivity Agenda Platform) հարթակի վաղվա մեկնարկի նախաշեմին, որտեղ կշարունակենք մեր աշխատանքը՝ ուղղված հարևանների և Եվրոպայի հետ Հայաստանի կապերի բարելավմանը», - գրել է Կոսը՝ տեղադրելով հայկական ծիրաններով լուսանկար։
Նա նշել է, որ դա կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը և իրենց բարձրորակ արտադրանքը դուրս բերել նոր շուկաներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել էր 34 միլիոն եվրո՝ ռուսական առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու համար։