Հինգշաբթի, 25 Հունիսի 2026 11:40
Ալինա Հովհաննիսյան

Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատը ներկայացուցչություն է բացել Հայաստանում

Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատը ներկայացուցչություն է բացել Հայաստանում

Արմինֆո.Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատը (Ukrainian CCI) ներկայացուցչություն է բացել Հայաստանում։ Ներկայացուցչությունը կգլխավորի տնտեսագետ, հասարակական գործիչ և Երևանում ուկրաինա-հայկական մի շարք նախաձեռնությունների ղեկավար Ելենա Շևչուկը։

Ներկայացուցչության գործունեությունը կենտրոնացած կլինի Ուկրաինայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, գործարար գործընկերների փնտրտուքի, ապրանքների ու ծառայությունների արտահանման և ներմուծման աջակցման, ներդրումային նախագծերի խթանման, ինչպես նաև երկու երկրների գործարարների, պրոֆիլային կազմակերպությունների և բիզնես համայնքների միջև կապերի զարգացման վրա։

Աշխատանքի առաջնահերթ ուղղություններից մեկը կդառնա Ուկրաինայի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ընդլայնումը։

«Ներկա պահին փոխադարձ առևտրի ծավալները մնում են աննշան և կազմում են արտաքին ապրանքաշրջանառության 1%-ից պակաս։ Միևնույն ժամանակ, առկա է զգալի ներուժ համագործակցության զարգացման համար ագրարային արտադրանքի, սննդի արդյունաբերության, դեղագործության, ՏՏ, ոսկերչական արդյունաբերության, շինանյութերի և այլ ուղղություններով», — ասված է ֆեյսբուքում ներկայացուցչության պաշտոնական էջում։

Հայաստանում ԱԱՊ աշխատանքի մեկնարկի կապակցությամբ Ելենա Շևչուկը նշել է, որ տնտեսությունը, միջազգային համագործակցությունը, բիզնեսի զարգացումը այն ոլորտներն են, որոնցում ինքը երկար տարիներ աշխատում է որպես տնտեսագետ։

«Ուստի ինձ համար այս պաշտոնը մասնագիտական գործունեության բնական շարունակությունն է և ուկրաինա-հայկական հարաբերությունների զարգացմանը նպաստելու նոր հնարավորություն։ Դրա հետ մեկտեղ, բոլոր մյուս նախագծերն ու ուղղությունները, որոնցում ես ներգրավված եմ, կշարունակեն գործել բնականոն հունով։ Մենք հրաշալի թիմ ունենք, որն արդյունավետորեն հաղթահարում է խնդիրները, ուստի այս նոր դերը չի ազդի արդեն իսկ սկսված աշխատանքի վրա», — վստահեցրել է նա։

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Ուկրաինայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-ապրիլին աճել է 38,5%-ով՝ կազմելով 45,2 միլիոն դոլար։ Ընդ որում, արտահանումը կրճատվել է 5,2%-ով՝ հասնելով 2,8 միլիոն դոլարի, ներմուծման 42,8% աճի ֆոնին՝ մինչև 42,4 միլիոն դոլար։