
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ուզբեկստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ոլորտները մինչ օրս կարգավորված չեն, ինչը խոչընդոտում է տրանսպորտային փոխադրումների կազմակերպմանը և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը։ Համաձայնագրի նպատակն է կարգավորել երկու երկրների միջև ավտոմոբիլային ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժին։
Նշենք, սակայն, որ Հայաստանն ու Ուզբեկստանը դեռևս 2017 թվականին ստորագրել էին տրանսպորտի ոլորտում, այդ թվում՝ ավտոմոբիլային փոխադրումների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։