
Արմինֆո. ՀՀ կառավարությունը կենսաթոշակառուների անկանխիկ գնումներից հետվճարի վճարմանը կտրամադրի լրացուցիչ 10 մլրդ դրամ: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 25-ի նիստում։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ի սկզբանե 2026 թվականի համար հետվճարի վճարման համար բյուջեում հատկացվել է 20 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար, որն այնուհետև ավելացվել է մինչև 25 մլրդ դրամ: Սակայն այս տարվա հունվար-ապրիլին նշված 25 մլրդ-ից արդեն ծախսվել է 11,8 մլրդ դրամ: Մասնավորապես, միայն ապրիլին ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը սպասված 435 հազարից հասել է գրեթե 490 հազարի, քանի որ ապրիլի 1-ից կառավարությունը կենսաթոշակների վճարումն ամբողջությամբ փոխանցել է բանկային քարտերին: Նախկինում տեղաշարժման դժվարություններ ունեցող թոշակառուներին կենսաթոշակը վճարում էին կանխիկ ։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել հետվճարի բյուջեն ավելացնել 10 մլրդ դրամով։
Հիշեցնենք, որ ըստ ծրագրի ՝ կենսաթոշակառուները մեկ ամսվա ընթացքում ստանում են անկանխիկ գնումների 20% - ի չափով հետվճար՝ բացառությամբ կոմունալ վճարումների: Հետվճարի չափը չի կարող գերազանցել 10 հազար դրամը: Վետվճարի ծրագիրը ներդրվել է 2022 թվականի հուլիսին ՝ անկանխիկ առևտուրը խթանելու և ստվերային շրջանառությունը նվազեցնելու նպատակով ։