
Արմինֆո.«ԱՄԻՕ Բանկը» մեկնարկել է 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով անվանական, չփոխարկելի, արժեկտրոնային դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը։ Այս մասին նշվում է բանկի հաղորդագրության մեջ, որտեղ նաև հստակեցվում է, որ տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել օգոստոսի 31-ին, ինչից հետո դրանք ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում։
Այս տրանշի շրջանակներում թողարկվել է 30 հազար պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամ անվանական արժեքով։ Արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվել է 9,75% տարեկան: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը եռամսյակային է։ Այս պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է (2 տարի)։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պարտատոմսերը կարելի է ձեռք բերել նաև «AMIO Mobile» բանկային հավելվածի միջոցով, որտեղ ներդրողներին հնարավորություն է ընձեռվում հետևել իրենց ներդրումներին և մանրամասն ծանոթանալ այս թողարկման պայմաններին։ Հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/m/amiobank:
Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ, համաձայն գործող հարկային օրենսդրության, պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտն ազատված է եկամտային հարկից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Պարտատոմսերը հուսալի ֆինանսական գործիք են, որոնք բանկային ավանդների նույն սկզբունքով երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։
Ըստ «ԱրմԻնֆո» վերլուծական ընկերության կողմից պատրաստված՝ Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.03.2026թ. տվյալների, «ԱՄԻՕ Բանկը» զբաղեցնում է 6-րդ դիրքը կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների ծավալով՝ ավելի քան 39,4 մլրդ դրամ (104,5 մլն դոլար)։ Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 48,3%-ով, իսկ երկու տարվա կտրվածքով՝ գրեթե 6 անգամ։ «ԱՄԻՕ Բանկը» հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով հանդես է գալիս TOP-5-ում՝ ակտիվներ (4-րդ դիրք), ընդհանուր պարտավորություններ (5-րդ), ընդհանուր կապիտալ (3-րդ), կանոնադրական կապիտալ (1-ին), վարկային պորտֆել՝ թե՛ կորպորատիվ, թե՛ մանրածախ (4-րդ դիրք), ներդրումներ արժեթղթերում (3-րդ), ժամկետային ավանդներ (3-րդ), միջազգային ծրագրերով բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցներ (4-րդ դիրք)։ Բանկն իր զուտ շահույթը տարեկան կտրվածքով ավելացրել է գրեթե 7 անգամ՝ հասցնելով 4,8 մլրդ դրամի (12,8 մլն դոլար)՝ այս ցուցանիշով հայտնվելով առաջատարների հնգյակի մատույցներում։