Երկուշաբթի, 29 Հունիսի 2026 19:11
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հաղորդել է, որ հանդիպել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։

 

«Իմ խոսքում բարձր եմ գնահատել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը՝ ընդգծելով 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ Վաշինգտոնում ստորագրված «Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի» ռազմավարական նշանակությունը։

 

Նշել եմ, որ հուշագրի ստորագրումը երկկողմ համագործակցության խթանման աննախադեպ կարևորություն ունի, և պետք է առավելագույն ջանքեր գործադրել՝ փաստաթուղթն արդյունավետ կապիտալիզացնելու և շոշափելի արդյունքների վերածելու համար։ Որպես համագործակցության առաջնային ուղղություններ առանձնացվել են բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ապահովումը (FirebirdAI, EleveightAI), ինչպես նաև ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ փոխգործակցության ընդլայնումը: Դեյվիդ Ալենը, իր հերթին, վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։

 

Անդրադարձ է կատարվել նաև չիպերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության առանցքային ձեռքբերումներից մեկին՝ «Մայքրոչիփ Թեքնոլոջի» (Microchip Technology) ընկերությանը առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման լիցենզիա տրամադրելուն։ Ընդգծել եմ, որ սա երկկողմ հետևողական աշխատանքի արդյունք է, և այս համագործակցությունը հաստատում է երկու երկրների միջև ձևավորված բարձր փոխվստահությունը:

 

Այս համատեքստում շեշտել եմ, որ Հայաստանի համար ԱՄՆ արտահանման վերահսկողության ռեժիմում ավելի բարենպաստ կարգավիճակի անցումը կդառնա ռազմավարական գործընկերության տրամաբանական և օրինաչափ շարունակությունը», - գրել է Հայրապետյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: