
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության և մի շարք գործընկեր երկրների միջև գործող ազատ առևտրի համաձայնագրերը լավ հնարավորություն են ստեղծում հայկական արտադրանքի արտահանման զարգացման, արտասահմանյան շուկաներում հայկական ապրանքների մրցունակության բարձրացման և արտահանողների համար ծախսերի նվազեցման համար։
Մասնավորապես, ինչպես ընդգծվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունն ունի ազատ առևտրի համաձայնագիր այս կամ այն երկրի հետ, հայկական ծագման ապրանքների արտահանման ժամանակ՝ սահմանված պահանջների պահպանման և ապրանքների ծագումը հավաստող համապատասխան փաստաթղթի՝ ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում, արտահանողները կարող են օգտվել արտոնյալ մաքսային ռեժիմից։ Դա նշանակում է, որ համապատասխան ապրանքների համար ներմուծող երկրում մաքսային ձևակերպման ընթացքում մաքսատուրքեր չեն գանձվում՝ ազատ առևտրի գործող համաձայնագրով սահմանված պայմանների պահպանման դեպքում։
Գերատեսչությունը հորդորում է արտահանողներին նախապես ուսումնասիրել իրենց արտադրանքի նկատմամբ կիրառելի պայմանները, ներառյալ՝ ծագման կանոնները, ներմուծող երկրի անհրաժեշտ փաստաթղթերն ու մաքսային ընթացակարգերը։ Ծագման սերտիֆիկատի ճիշտ ձևակերպումը կարևոր նախապայման է ազատ առևտրի համաձայնագրերով նախատեսված արտոնություններից օգտվելու համար։
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է աշխատանքը հայկական արտադրանքի արտահանման խթանման, շուկաների դիվերսիֆիկացման և արտահանողների համար առկա հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ և կոչ է անում արտահանող ընկերություններին ավելի ակտիվորեն օգտագործել Հայաստանի Հանրապետության գործող առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմանները՝ նպաստելով միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնմանը», - ասված է հաղորդագրության մեջ։