Շաբաթ, 11 Հուլիսի 2026 14:05
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար․ «Արարատցեմենտ» գործարանը վերսկսել է աշխատանքը

Նախարար․ «Արարատցեմենտ» գործարանը վերսկսել է աշխատանքը

Արմինֆո. Ընդդիմադիր "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող "Արարատցեմենտ" գործարանը վերսկսել է աշխատանքը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 

"Արարատցեմենտն" աշխատում է ողջ հզորությամբ", - գրել է նա, հրապարակելով տեսանյութ, որում պատկերված է գործարանի աշխատանքը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև Multi Group կոնցեռնի մեջ մտնող ընկերությունների մեծ մասում: Քննչական գործողությունների ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել էր և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե: Նրան մեղադրանք է առաջադրվել առերևույթ խարդախության և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ օրինականացնելու համար: Քաղաքական գործչի նկատմամբ գործ հարուցվել է նաև վայրի կենդանիների ապօրինի որսի համար, որի շրջանակներում Ծառուկյանից առգրավվել է 130 կենդանիների խրտվիլակ, ինչպես նաև՝ երեք առյուծ և մեկ վագր: Կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ հուլիսի 7-ի երեկոյան էգ առյուծն անկել է: Ծառուկյանն՝ ինքը, հերքում է առաջադրված մեղադրանքները, նշելով, որ տեղի ունեցողը գործող իշխանությունների կողմից ճնշում է՝ քաղաքական շարժառիթներով։

 

Նշենք նաև, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր Ծառուկյանին զրկել իր բիզնեսից և սնանկացնել: