
Արմինֆո.Հուլիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է «Carrefour» ցանցի միջազգային ապրանքների գծով տնօրեն Ռեժի Ֆրոդենին (Régis Fraudin, Directeur de Catégorie, Produits du monde):
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ֆրանսիական շուկա, մասնավորապես՝ «Carrefour» ցանցի միջոցով հայկական արտադրանքի ներմուծման և իրացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել հայկական սննդամթերքի և այլ ապրանքների մրցունակության, ֆրանսիական սպառողների նախասիրությունների, ինչպես նաև շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ չափանիշների և ընթացակարգերի վերաբերյալ։
Ֆրոդեն ներկայացրել է «Carrefour»-ի գործունեության առանձնահատկությունները, մատակարարների ընտրության և արտադրանքի ներմուծման գործընթացները, ինչպես նաև ցանցի կողմից կիրառվող որակական և առևտրային պահանջները։
Դեսպան Խաչատրյանը կարևորել է ֆրանսիական խոշոր մանրածախ ցանցերի հետ համագործակցության զարգացումը՝ որպես Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման և հայկական արտադրանքի միջազգային ճանաչելիության բարձրացման կարևոր գործոն։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը և ուսումնասիրել համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նպատակ ունենալով նպաստել հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը ֆրանսիական շուկայում։
Carrefour-ը ֆրանսիական մանրածախ առևտրի ընկերություն է, աշխարհի 30 երկրներում (գտնվում է Եվրոպայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում) 12 հազար առևտրային կետերի մանրածախ ցանցի օպերատոր: Գլխամասային գրասենյակը գտնվում է Մասիում (Էսոն)։ Հայաստանում Carrefour-ը գործում է 2015 թվականից։
2015 թվականի հուլիսից Carrefour-ի խոշորագույն բաժնետերը Մուլեն ընտանիքն է (Moulin), նրան է պատկանում բաժնետոմսերի 11,5% - ը, նրան է պատկանում նաեւ Galeries Lafayette հանրախանութների ցանցը։ Բրազիլական Դինիզ ընտանիքին 2016 թվականից պատկանում է բաժնետոմսերի 8,8 տոկոսը։ Գլխավոր կառավարիչը և տնօրենների խորհրդի նախագահն է Ալեքսանդր Բոմպարը: