Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026 18:04
Ալինե Գրիգորյան

"Վեոլիա Ջուր"-ը հավաստիացնում է․ խմելու ջրի որակը համապատասխանում է պետության սահմանած նորմատիվներին

"Վեոլիա Ջուր"-ը հավաստիացնում է․ խմելու ջրի որակը համապատասխանում է պետության սահմանած նորմատիվներին

Արմինֆո. Սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է անընդհատ շուրջօրյա վերահսկողության ներքո և համապատասխանում է անհրաժեշտ նորմատիվներին:  "Վեոլիա Ջուր" ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից այդպես են արձագանքել հաղորդումներին այն մասին, որ ընկերությունն սպառողին տրամադրում է անորակ խմելու ջուր

 Ընկերությունում հավաստիացրել են, որ նման  գնահատականներն ու պնդումները հիմնված չեն մասնագիտական եզրակացությունների կամ պաշտոնական տվյալների վրա։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է անընդհատ և շուրջօրյա վերահսկողության ներքո: Ջրի որակը պարբերաբար ստուգվում է լաբորատոր հետազոտությունների միջոցով, իսկ ստացված արդյունքները մշտապես գնահատվում են գործող նորմատիվ պահանջներին համապատասխան։

Միաժամանակ հարկ է ընդգծել, որ խմելու ջրի որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ոչ միայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Օրենքով սահմանված կարգով, այն մշտապես վերահսկվում է նաև պետական իրավասու մարմինների կողմից, որոնք իրականացնում են անկախ վերահսկողություն և արձանագրում են ցանկացած խախտում։ Հետևաբար, եթե խմելու ջրի որակի հետ կապված առկա լինեին առողջության համար վտանգ ներկայացնող շեղումներ կամ գործող նորմերի խախտումներ, դրանք անպայման կարձանագրվեին պետական վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից և կդառնային հանրային իրազեկման առարկա։

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ հանրային քննարկումների առարկա դարձած ջրի կոշտությունը խմելու ջրի անվտանգության չափանիշ չէ և չի համարվում առողջության համար վտանգ ներկայացնող գործոն։ Ջրի կոշտությունը պայմանավորված է միայն տվյալ ջրաղբյուրի երկրաբանական առանձնահատկություններով։ Իսկ քանի որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տարբեր տարածաշրջաններում իր սպառողների ջրամատակարարումն իրականացնում է տարբեր ջրաղբյուրներից, հետևաբար ջրի առանձին ֆիզիկաքիմիական ցուցանիշները, այդ թվում՝ կոշտությունը, կարող են տարբեր լինել՝ պայմանավորված բացառապես աղբյուրների բնական առանձնահատկություններով։ Հատկանշական է նաև, որ 2027 թվականից ուժի մեջ մտնող նոր կարգավորումները ևս արտացոլում են ջրի կոշտության նկատմամբ կիրառվող մոտեցումների փոփոխությունը՝ այն չդիտարկելով որպես հանրային առողջության ռիսկ բնութագրող ցուցանիշ (որոշումը):

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ հայտարարում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է շարունակական վերահսկողության ներքո և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ պահանջներին։

Միաժամանակ կոչ ենք անում լրատվամիջոցներին, սոցիալական հարթակների օգտատերերին և բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ ընկերության գործունեության վերաբերյալ չստուգված, մասնագիտական եզրակացություններով չհիմնավորված և ընկերության նկատմամբ ուղղորդված բնույթ կրող տեղեկությունների տարածումից։ Հանրային առողջությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն պետք է հիմնված լինի բացառապես փաստերի, լաբորատոր հետազոտությունների արդյունքների և իրավասու մարմինների պաշտոնական գնահատականների վրա», - ասվում է ընկերության հայտարարությունում։

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հաղորդել էր, որ պարբերաբար "Վեոլիա Ջուր"-ի կողմից մատակարարվող ջրի փորձաքննություն է իրականացրել, եւ հայտնի է դարձել, որ ամառային գրաֆիկի ժամանակ, երբ ջուրը բավարար չի լինում, ընկերությունը սկսել է այն խառնել բարձր կոշտություն ունեցող արտեզյան ջրի հետ։ Այսպիսով, ինչպես ուշադրություն է հրավիրել արդարադատության նախկին նախարարը, երկրի տարբեր բնակավայրերում այդ ցուցանիշը գերազանցել է Առողջապահության նախարարության կողմից սահմանված թույլատրելի մակարդակը: Արդյունքում, ինչպես նշել է Հովհաննիսյանը, Հայաստանի քաղաքացիները վճարում են ջրի դիմաց, որը չի համապատասխանում սահմանված ցուցանիշներին, ինչը նշանակում է, որ նրանք իրավունք ունեն դիմել դատարան եւ վիճարկել այդ ողջ գործընթացը:

Հավելենք, որ հունիսի 17-ին հայտնի էր դարձել, որ Բյուրեղավան համայնքում մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ հոսպիտալացվել են աղիքային վարակի նոպաներով: Դրանից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ "Վեոլիա Ջուր"-ից պահանջելով որակյալ խմելու ջուր տրամադրել: