
Արմինֆո.Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոնի տեխնիկական աջակցությամբ Երևանում անցկացվել է «Միջուկային անվտանգության սպառնալիքների գնահատում և նախագծային հիմքային սպառնալիքների կառավարում» խորագրով աշխատաժողովը։
Ինչպես հաղորդում է Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մամուլի ծառայությունը, միջոցառումը կազմակերպել են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն և ԱՄՆ էներգետիկայի նախարարության Միջուկային անվտանգության ազգային վարչության կազմում գործող Sandia ազգային լաբորատորիաները։
Միջոցառման հիմնական նպատակն էր ամրապնդել միջուկային անվտանգության սպառնալիքները գնահատելու և նախագծային հիմքային սպառնալիքների գնահատման վրա հիմնված ֆիզիկական պաշտպանության համակարգեր մշակելու Հայաստանի կարողությունները՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգությունն ու պաշտպանվածությունն ապահովելու համար։
Մասնակիցները քննարկել են ատոմակայանները ռադիոլոգիական դիվերսիայից պաշտպանելու արդի մարտահրավերները, անդրադարձել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համապատասխան ուղեցույցներին և քննարկել ֆիզիկական պաշտպանության համակարգերի արդյունավետությունը գնահատելու մեթոդները։
Քննարկվող հիմնական թեմաներն էին․Սպառնալիքների գնահատում. Հավանական արտաքին կամ ներքին/յուրային թշնամիների դրդապատճառների, մտադրությունների և կարողությունների գնահատում; Նոր ռիսկեր. կիբեռսպառնալիքների, այլ չնախատեսված վտանգների և պոտենցիալ հակառակորդների կողմից անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման դեմ պայքար; Սցենարային վարժանքներ. հարձակման սցենարների մշակում՝ օգտագործելով «Lone Pine» ատոմակայանի մոդելը, սեղանի վրա վարժանքների (Tabletop Exercises) անցկացում և «ուժային հակազդման» (Force-on-Force) վարժանքների պլանավորում՝ ֆիզիկական պաշտպանության համակարգերի աշխատանքը գնահատելու համար։
Միջոցառումն ընդգծել է պետական իրավասու մարմինների և միջուկային օբյեկտների շահագործող կազմակերպությունների սերտ համագործակցության կարևորությունը՝ միջուկային անվտանգությունն ամրապնդելու, միջուկային ահաբեկչության ռիսկերը նվազեցնելու և միջուկային էներգիայի անվտանգ ու խաղաղ օգտագործումն ապահովելու համար։
Աշխատաժողովը նաև վերահաստատել է ՀՀ և ԱՄՆ միջև միջուկային անվտանգության ոլորտում շարունակվող համագործակցությունը՝ միջազգային չափանիշներին և ԱԷՄԳ-ի ուղեցույցներին համապատասխան։
Աշխատաժողովին մասնակցել են ԱՄՆ-ից ժամանած փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի միջուկային կարգավորման մարմնի, Հայկական ատոմային էլեկտրակայանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Արտաքին հետախուզության ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ։