Արմինֆո.Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը, ՋԿ ղեկավար աշխատակիցների, Շրջակա միջավայրի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործընկերների հետ միասին, հուլիսի 6–10-ն ճանաչողական այցով գտնվել է Ճապոնիայում, որտեղ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան-Ճապոնիա գործընկերություն՝ հանուն լճերի կայուն կառավարման և կայուն քաղաքաշինության» խորագրով փորձի փոխանակման ծրագրին։
Ջրային կոմիտեի հաղորդագրության համաձայն, այցը կազմակերպվել էր ԱԶԲ-ի կողմից, ֆինանսավորվել՝ Ճապոնիայի կառավարության կողմից, իսկ տեղում պատվիրակությանն աջակցել է Ճապոնիայի ենթակառուցվածքների զարգացման ինստիտուտը (Infrastructure Development Institute of Japan)։ Այցի շրջանակում հայկական պատվիրակությունն ուսումնասիրել է Ճապոնիայի փորձը ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման, ջրային ենթակառուցվածքների զարգացման, կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև լճերի կայուն պահպանման ոլորտներում։
Հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի ոլորտային պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ճապոնիայի Հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունում (MLIT) Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է փոխնախարար պ-ն Կոջիմա Մասարուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը և ջրային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ինչպես նաև ուսումնասիրվել են գետերի և ջրհավաք ավազանների կառավարման համակարգերն ու մոտեցումները։
Ճապոնիայի Շրջակա միջավայրի նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Համաշխարհային բնապահպանության վարչության ղեկավարի տեղակալ տ-ն Մասակո Օգավայի հետ։ Քննարկումների ընթացքում ներկայացվել են Ճապոնիայում լճերի և ջրային էկոհամակարգերի պահպանության, ջրի որակի բարելավման, աղտոտման կանխարգելման և շրջակա միջավայրի կայուն կառավարման ոլորտներում իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը։
Այցի ընթացքում Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել են Հայաստանի ջրային ոլորտում իրականացվող բարեփոխումների առաջնահերթությունները, ջրային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ինչպես նաև Սևանա լճում և Երևանյան լճում առկա խնդիրներն ու ծրագրվող աշխատանքները։
Պատվիրակության հաջորդ այցը եղել է Ճապոնիայի Շիգայի պրեֆեկտուրա, որտեղ հանդիպում է տեղի ունեցել փոխնահանգապետ պ-ն Ազումա Մասարուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ավազանների կառավարման, ջրի որակի պահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում կիրառվող մոտեցումները։ Շիգայում հայկական պատվիրակությունը ծանոթացել է Ճապոնիայի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Բիվայի, պահպանման և կառավարման փորձին, լճի էկոհամակարգի և ջրի որակի պահպանմանն ուղղված գործնական լուծումներին, ջրի նմուշառման և լաբորատոր հետազոտությունների կարողություններին։
Հայաստանյան միջգերատեսչական պատվիրակությունն այցելել է նաև Բիվա լճի շրջակա միջավայրի հետազոտական ինստիտուտ, որտեղ ներկայացվել են գիտական հետազոտությունների, շրջակա միջավայրի մշտադիտարկման և տվյալների վրա հիմնված կառավարման մոտեցումները։ Բիվա լճի գետային գրասենյակում նրանց ներկայացվել է Բիվա լճի համապարփակ զարգացման ծրագիրը և քննարկվել ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման մեխանիզմները։ Բիվա լճի թանգարանում խումբը ծանոթացել է բնապահպանական կրթության, հանրային իրազեկման, քաղաքացիական գիտության (citizen science) և հասարակության ներգրավման ծրագրերին։ Միջազգային լճային միջավայրի կոմիտեում (ILEC) քննարկվել են լճային ավազանների ինտեգրված կառավարման մոտեցումները։
Դաշտային այցերի շրջանակում պատվիրակությունը ծանոթացել է նաև Բիվա լճի էկոհամակարգի պահպանության գործնական ծրագրերին, այդ թվում՝ լճի 51 կետերից իրականացվող ամենշաբաթյա նմուշառման մեթոդաբանությանը և եղեգնուտների պահպանման տարածքների կառավարմանը, որոնք կարևոր դեր ունեն ձկների ու այլ ջրային օրգանիզմների բնակավայրերի և բազմացման միջավայրերի պահպանության գործում։
Առանձին ուշադրություն է դարձվել գյուղական և ծայրամասային բնակավայրերում կիրառվող կեղտաջրերի մաքրման ապակենտրոնացված կայաններին։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Հայաստան–Ճապոնիա մասնագիտական համագործակցության խորացման, փորձի փոխանակման, նորարարական տեխնոլոգիաների կիրառման և ջրային ռեսուրսների կայուն կառավարման ուղղությամբ հետագա համագործակցության հնարավորությունները։
Այցի շրջանակում Ջրային կոմիտեի նախագահը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանի հետ, ծանոթացել է դեսպանատան գործունեությանն ու աշխատանքային պայմաններին։ Դեսպանը Ղալամքարյանին է ներկայացրել Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին։
«Ճապոնիայի առաջատար փորձի, կառավարման արդյունավետ մեխանիզմների և նորարարական լուծումների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի ջրային ոլորտի զարգացման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման համար», - նշվում է հաղորդագրությունում։