Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026 17:00
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են այլ անձի լիազորել լրացնելու և ներկայացնելու եկամուտների մասին հայտարարագիրը 

Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են այլ անձի լիազորել լրացնելու և ներկայացնելու եկամուտների մասին հայտարարագիրը 

Արմինֆո. Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են այլ անձի լիազորել իրենց փոխարեն եկամուտների հայտարարագիրը լրացնելու և ներկայացնելու համար: Այդ մասին հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը: 

Ինչպես պարզաբանել է ՊԵԿ աշխատակից Սոնա Աղաջանյանը, լիազորված անձը կարող է հայտարարատուի անունից մուտք գործել համակարգ, ներկայացնել հայտարարագիր և կատարել այլ անհրաժեշտ գործողություններ, մասնավորապես, լրացնել սոցիալական ծախսերի մասին դիմում և այլն: 

Նրա խոսքով՝ Ֆիզիկական անձանց համար էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի վեբ-տարբերակում արդեն ստեղծվել է համապատասխան բաժին՝ լիազորությունների ձևակերպման համար: 

Աղաջանյանը նշել է, որ ընթացակարգը բավականին պարզ է։ Հայտարարատուն իր էջում նշում է լիազորված անձի տվյալները, որից հետո վերջինս իր էջում հաստատում կամ մերժում է հարցումը: Անհրաժեշտության դեպքում հայտարարատուն կարող է սահմանել նաև լիազորությունների գործողության ժամկետ: 

Բացի այդ, այս բոլոր ընթացակարգերը կատարելու համար հայտարարատուն կարող է անձամբ դիմել Պետական եկամուտների կոմիտե՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Միևնույն ժամանակ, կարևոր է հաշվի առնել, որ, եթե հայտարարատուի համար էլեկտրոնային ստորագրության առկայությունը պարտադիր չէ, ապա լիազորված անձի համար դա պարտադիր է: