
Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչների հետ։
Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, այցի շրջանակում ամփոփվել են ԱՄՀ տեխնիկական աջակցությամբ մշակված միջնաժամկետ կանխատեսումների կիսակառուցվածքային մոդելի ուղղությամբ նախորդող երեք տարիների ընթացքում իրականացված աշխատանքները:
Միաժամանակ, ԱՄՀ տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ քննարկվել է ՀՀ ՖՆ կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգը (FPAS)` ընդգծելով մշակված մոդելի դերն ընդհանուր համակարգում։
ԱՄՀ գործընկերները բարձր են գնահատել նախարարության կանխատեսումների և վերլուծության համակարգը՝ այն դիտարկելով որպես առաջադեմ փորձ և այլ երկրների համար ներկայացման արժանի օրինակ։ Այցի ավարտին հստակեցվել են հետագա աշխատանքների ուղղությունները, և պայմանավորվածություններ են ձեռք բերվել մշակված մոդելի ինստիտուցիոնալացման և հանրայնացման շուրջ։
Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2026 և 2027 թվականների համար՝ ակնկալելով տնտեսական աճի դանդաղում մինչև 5,3 տոկոս 2026 թվականին (2025 թվականի 7,1 տոկոսից)՝ 2027 թվականին մինչև 5,5 տոկոս արագացմամբ։ -