
Արմինֆո. Հայաստանի կապիտալի շուկան կշարունակի աճել արագ տեմպերով, ինչը կանդրադառնա նաև տնտեսության զարգացման վրա։ Նման կանխատեսում է հնչեցրել Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նրա կարծիքով՝ կապիտալի շուկայի ներկայիս զարգացման վրա ազդել է այն, որ տնտեսությունը դառնում է ավելի թափանցիկ, ժամանակի ընթացքում բիզնեսն ավելի ու ավելի է դուրս գալիս ստվերից, և բարելավվում է նրա հաշվետվողականությունը: "Իսկ սրանք բոլորը նախապայմաններ են կապիտալի շուկայի զարգացման համար", - ընդգծել է բանկիրը: Նա հիշեցրել է, որ Ամերիաբանկն էլ իր քայլերն է արե կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ ' տարեսկզբին առաջին անգամ թողարկելով եւ հունիսին ամբողջությամբ տեղաբաշխելով 100 մլն դոլար ծավալով անժամկետ պարտատոմսեր:
Բացի այդ, տնտեսության զարգացմանը զուգընթաց, ըստ նրա, կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ պահանջարկ է ձևավորվում։ "Այսինքն, երբ տնտեսությունը զարգանում է, աճում են բնակչության եկամուտները, եւ արդեն կա մի հատված, որն ավելի շատ խնայողություններ ունի եւ պատրաստ է միջոցներ ներդնել կապիտալի շուկայի տարբեր գործիքներում ։ Պահանջարկը, բնականաբար, ձևավորում է առաջարկ: Եվ ավելի ու ավելի շատ ընկերություններ իրենց պարտքային պահանջները սկսում են բավարարել կորպորատիվ պարտատոմսերի միջոցով, ինչն ազդում է շուկայի աճի վրա", - պարզաբանել է Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ հունիսին Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է ընկերության կողմից առաջին անգամ թողարկված 100 մլն դոլար ծավալով անժամկետ պարտատոմսերը: Պարտատոմսերը թողարկվել են երկու շարքով ՝ փետրվարին և ապրիլին։ Երկու դեպքում էլ ամբողջ ծավալը տեղաբաշխվել է նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է տվյալ արժեթղթերի նկատմամբ մեծ պահանջարկի մասին:
Անժամկետ պարտատոմսերի թողարկման շնորհիվ Ամերիաբանկը ձևավորում է կապիտալի լրացուցիչ բուֆերներ' ապագա աճի հնարավորություններն իրագործելու և իր ռազմավարական նպատակներին հասնելու համար: Հատկանշական է, որ անժամկետ պարտատոմսերի առաջին շարքը տեղաբաշխվել է 8.5% եկամտաբերությամբ, իսկ երկրորդը ' արդեն 8% եկամտաբերությամբ, ինչը պայմանավորված է տվյալ պարտատոմսերի շատ մեծ պահանջարկով:
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.03.2026 թ. տվյալների համաձայն, Ամերիաբանկն առաջատար է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավումների ծավալով ՝ ապահովելով տարեկան 24% աճ և եռամյա աճ ավելի քան 2 անգամ: Ամերիաբանկը նաև բազմիցս հանդես է եկել որպես տեղաբաշխող՝ մասնավոր ընկերությունների կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակ:
Նշենք, որ Ամերիաբանկը՝ Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի կազմում, 2026թ.մարտին ընդգրկվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի FTSE 100 ինդեքսում, դառնալով Հայաստանի առաջին ընկերությունը, որը ներկայացված է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում: Ամերիաբանկի ընդգրկումը Լոնդոնի ֆոնդային բորսայի (LSE) FTSE 100 ինդեքսում վառ կանաչ լույս է միջազգային ներդրողների համար ' ազդարարելով նրանց որակյալ շուկա, հասկանալի և կանխատեսելի կառավարելի դաշտ մուտք գործելու հնարավորության մասին: