
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Գևորգ Մանթաշյանը բարձր է գնահատել դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ներդրումը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության։ Նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ համատեղ աշխատանքը մշտապես առանձնացել է արդյունավետությամբ, գործնական արդյունքներով և կոնկրետ ձեռքբերումներով՝ վստահություն հայտնելով, որ ձևավորված համագործակցությունը շարունակական բնույթ կկրի նաև ապագայում։
Դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պաշտոնավարման ողջ ընթացքում ձևավորված սերտ համագործակցության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է եղել դիվանագիտական առաքելություն իրականացնել Հայաստանում։ Նա անդրադարձել է նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրերին և ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ուղղություններում և կարող է կարևոր դեր զբաղեցնել համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։
Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև B2B ձևաչափով կապերի ակտիվացմանը, ինչպես նաև հայկական և հնդկական տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությանը Հայաստանում և Հնդկաստանում անցկացվող ոլորտային համաժողովներին և մասնագիտական միջոցառումներին։
Հանդիպման ավարտին Գևորգ Մանթաշյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել դեսպան Նիլակշի Սահա Սինհային արդյունավետ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության ընթացքում։