
Արմինֆո.ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից սույն թվականի հունիսի 19-ին հայտարարված՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։ Օգոստոսի 7-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և «Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև կնքվել է համապատասխան պայմանագիրը։
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացի հիմքում դրվել է «Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Hotelstars Union կազմակերպության միջև կնքված պայմանագիրը։ Արդյունքում՝ առաջիկա տասը տարիների ընթացքում ՀՀ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար հիմք են ընդունվելու Hotelstars Union-ի կողմից կիրառվող միջազգային տեխնիկական պահանջներն ու չափորոշիչները։
«Այս քայլը կնպաստի Հայաստանի հյուրանոցային ոլորտի որակի բարձրացմանը, միջազգային չափանիշների ներդրմանը և Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության մրցունակության ամրապնդմանը», - նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի վերջին կառավարությունը հաստատել էր հյուրանոցների դասակարգման կարգը, կարգերի ("աստղերի") շնորհման չափանիշները և որակավորման վկայականի ձևը:
Նշենք, որ Hotelstars Union - ը հիմնադրվել է 2009 թվականին HOTREC-ի՝ Հյուրանոցային, ռեստորանային և սրճարանային բիզնեսի եվրոպական ասոցիացիայի հովանու ներքո:
Hotelstars Union-ը միավորում է այն երկրները, որոնք կիրառում են հյուրանոցային օբյեկտների գնահատման միասնական չափանիշներ ՝ զբոսաշրջիկներին թույլ տալով համեմատել ծառայության մակարդակը և բնակության պայմանները տարբեր երկրներում:-