
Արմինֆո. Կատարի Al Rawasi Food Company-ն հետաքրքրված է հայկական շուկայով։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Մասնավորապես, նա պատմել է, որ հանդիպել է Կատարի ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք մեր երկիր են ժամանել համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով:
Ինչպես նշել է Խոջոյանը, Al Rawasi Food Company-ն հետաքրքրված է Հայաստանում թարմ մրգերի եւ բանջարեղենի արտադրության մեկնարկով, ինչպես նաեւ դրանց արտահանմամբ Կատար:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջից Ռուսաստանի լիազոր մարմինները սահմանափակումներ են կիրառում Հայաստանից արտադրանքի ներկրման նկատմամբ՝ ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում։ Սահմանափակումները, նախ, վերաբերում էին ծաղիկներին, ապա՝ թարմ գյուղմթերքին, ձկանը և ձկնամթերքին, ինչպես նաև՝ կաթնամթերքին: Ընդ որում, ավանդաբար այդ ապրանքախմբերի արտադրանքի ավելի քան 80-90%-ը Հայաստանն արտահանել է ռուսական շուկա։
Իրավիճակի առնչությամբ Հայաստանի իշխանությունները գործարկել են պետական աջակցության մի շարք ծրագրեր՝ հայ արտադրողների ԵՄ շուկա դուրս գալուն նպաստելու նպատակով, ինչպես նաև ակտիվ բանակցություններ են վարում մի շարք այլ երկրների հետ ՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով։
Նշենք, որ Al Rawasi Food Company-ն թարմ մրգերի և բանջարեղենի մատակարար է՝ պատվերների և առաքման սեփական համակարգով, որն աշխատում է ինչպես սպառողական, այնպես էլ կորպորատիվ հատվածների հետ: