
ԱրմԻնֆոԱրմինֆո: Օգոստոսի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Փափոյանն այցելել է Կոտայքի մարզում գործող «A&M Rare» (RARE WATER) ՍՊԸ:
Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ընկերության տնօրենի ուղեկցությամբ նախարարն այցելել է գործարան, ծանոթացել արտադրական գործընթացին և առկա հզորություններին: Գործարանն ամբողջությամբ ավտոմատացված է, համապատասխանում է միջազգային ստանդարտներին և հագեցած է բնական աղբյուրի ու հանքային ջրի շշալցման ժամանակակից սարքավորումներով: Գործարանի և ընկերության կողմից սպասարկվող հարակից տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 1500 հեկտար: Արտադրական հզորությունը կազմում է ժամում 24 000 շիշ, աշխատակիցների թիվը՝ շուրջ 50 մարդ: Ծրագրի շրջանակում արդեն ներդրվել է ավելի քան 40 միլիոն եվրո՝ ամբողջությամբ արտասահմանյան կապիտալի հաշվին:
Ընկերության արտադրանքն արտահանվում է Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ և Շվեյցարիա: Արտադրանքը համապատասխանում է արտահանման համար անհրաժեշտ միջազգային ստանդարտներին և ունի համապատասխան հավաստագրեր:
Ընկերությունը մտադիր է շարունակել ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկաներում՝ դիվերսիֆիկացնելով արտահանման աշխարհագրությունը և մուտք գործելով նոր շուկաներ: