Ուրբաթ, 28 Օգոստոսի 2026 18:21
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 24-28-ը դոլարային գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով եւ ռուբլով գործարքների աճով

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 24-28-ը դոլարային գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով եւ ռուբլով գործարքների աճով

Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում ռուբլով գործարքների ակտիվությունն ու եվրոյով գործարքների ծավալի մի քանի անգամ աճն ուղեկցվել են դոլարային գործարքների արտահայտված կրճատմամբ:

Մասնավորապես, դոլարային գործարքների անկումն արագացել է 3 տոկոսից մինչեւ 56 տոկոս, ռուբլով գործարքների աճը պահպանվել է 24 տոկոսի մակարդակում, իսկ եվրոյով գործարքների ծավալն աճել է 9 անգամ։ Արդյունքում՝ ռուբլով գործարքների շաբաթական ծավալը 3-2 անգամ գերազանցել է ինչպես դոլարով, այնպես էլ եվրոյով գործարքների ծավալը, եւ, նույնիսկ, եվրոյով գործարքների շաբաթական ծավալը 1,4 անգամ գերազանցել է դոլարային գործարքների ծավալը։

 

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (24-28.08.26 – ը՝  08.17-21.08.26 - ի համեմատ) դոլարի առք ու վաճառքի միտումը շրջադարձ է կատարել դեպի անկում, եվրոյով գործարքների դեպքում առքի անկումն ուղեկցվել է վաճառքի աճով, ինչը դիտվել է  նաեւ ռուբլով գործարքներում․  վաճառքի աճ՝ առքի նախանշվող անկման դեպքում:

 

Արդյունքում՝  ս.թ. օգոստոսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում դրամը շարունակել է արժևորվել դոլարի նկատմամբ' 364-ից մինչև 363,3 դրամ/1դոլար, տրամադրվելով արժևորման ինչպես եվրոյի նկատմամբ' 423,5-ից մինչև 421,8 դրամ/1եվրո, այնպես էլ ռուբլու նկատմամբ' 4,19-ից մինչև 4,09 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2025թ. օգոստոսի 28-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 382,3 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 443 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,74 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին,  համապատասխանաբար՝  5%-ով, 5%-ով և 14%-ով։