
Արմինֆո.Team Telecom Armenia-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվել է TUMO Camp 2026 ճամբարը։
Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, վեց հագեցած շաբաթների ընթացքում ճամբարը միավորել է 15 երկրից և Հայաստանի սահմանամերձ համայնքներից, այդ թվում՝ Արցախից տեղահանված ավելի քան 200 պատանիների, ստեղծելով միջավայր, որտեղ մասնակիցները տեխնոլոգիական կրթությունը համատեղել են որակյալ ժամանցի հետ:
Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Գրիգորի Յուրինը նշել է, որ ընկերության համար կարևոր է, որ տեխնոլոգիական կրթության հնարավորությունները հասանելի լինեն հնարավորինս շատ պատանիների՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում։ «Մեր ռազմավարական գործընկերոջ՝ TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի այս ճամբարային նախագիծը հենց այնպիսի միջավայր է ստեղծում, որտեղ միավորվում են կրթությունը, ստեղծարարությունը, նոր փորձառություններն և տարբեր երկրներից ժամանած պատանիների շփումը։ Ուրախ ենք մեր աջակցությամբ նպաստելու, որ այս փորձառությանը մասնակցեն նաև Հայաստանի սահմանամերձ համայնքների և Արցախից տեղահանված ընտանիքների երեխաները։ Վստահ ենք՝ նման ծրագրերը կարող են ոչ միայն նոր հմտություններ փոխանցել, այլև ոգեշնչել պատանիներին՝ իրենց ապագան կապելու տեխնոլոգիաների և նորարարության հետ», - նշել է նա:
Աղբյուրի համաձայն, Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել զարգացնելու իրենց հմտությունները TUMO-ի կրթական ուղղություններով՝ ուսումնասիրելով տեխնոլոգիաների, դիզայնի և ստեղծարարության տարբեր ոլորտներ։ Կրթական ծրագրին զուգահեռ պատանիների համար կազմակերպվել են նաև մշակութային, ճանաչողական և ժամանցային միջոցառումներ՝ Հայաստանի պատմամշակութային վայրերի ու տեսարժան անկյունների բացահայտումից մինչև սպորտային և թիմային ակտիվություններ։
Ճանաչողական այցերի շրջանակում ճամբարականներն այս տարի ևս հյուրընկալվել են Team-ի Կապի թանգարանում և դատա կենտրոնում՝ ծանոթանալով Հայաստանում կապի զարգացման պատմությանն ու տեխնոլոգիական էվոլյուցիային:
«Team-ի հետ մեր ռազմավարական գործընկերությունը չափազանց արժեքավոր է մեզ համար։ Այս աջակցության շնորհիվ կարողանում ենք ամառային թումոյական փորձառությունը հասանելի դարձնել սահմանամերձ համայնքների և Արցախից տեղահանված ավելի շատ պատանիների։ Սա կարևոր ներդրում է այս երեխաների ու պատանիների ապագայում, և մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի՝ ժամանակի ընթացքում էլ ավելի ընդլայնելով իր ազդեցությունը»,- նշել է TUMO-ի ամառային ճամբարի ղեկավար Լաուրա Բարխուդարյանը։
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։