Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026 18:10
Ալինա Հովհաննիսյան

WizzAir-ն առայժմ չի դիտարկում "Սյունիք" օդանավակայանից չվերթներ իրականացնելու հնարավորությունը

WizzAir-ն առայժմ  չի դիտարկում "Սյունիք" օդանավակայանից չվերթներ իրականացնելու հնարավորությունը

Արմինֆո.WizzAir-ն առայժմ չի դիտարկում "Սյունիք" օդանավակայանից չվերթներ իրականացնելու հնարավորությունը: Այդ մասին սեպտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է WizzAir ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

 

Նշելով, որ WizzAir-ն արդեն չվերթներ է իրականացնում Գյումրիի "Շիրակ" օդանավակայանից դեպի Կիպրոս՝ նա ընդգծել է, որ ավիաընկերությունը մտադիր է, առաջին հերթին, կենտրոնանալ Երեւանում իր դիրքերի ամրապնդման վրա: Այդ առնչությամբ Մալինը կիսվել է, որ WizzAir-ը դիտարկում է Երևանից չվերթների աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ոչ միայն եվրոպական, այլև տարածաշրջանային ուղղություններով։

 

 "Այսինքն, մեր առաջին քայլը Երեւանում ամրապնդվելն է, հետո արդեն կառավարության հետ կքննարկենք Հայաստանի մյուս օդանավակայաններից թռիչքներ իրականացնելու հնարավորությունները", - ասել է կոմերցիոն տնօրենը:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Tour Expo միջազգային ցուցահանդեսում «Սյունիք» օդանավակայանի և NovAir ավիաընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, հայտարարել էր, որ միջազգային կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակներում «Սյունիք» օդանավակայանը պատրաստ է իր հարթակը տրամադրել տարբեր ավիաընկերությունների՝ նոր ուղղություններ զարգացնելու նպատակով:

 

Նշենք, որ 2017-2020թթ. "Սյունիք" օդանավակայանն ամբողջությամբ արդիականացվել է․  մասնավորապես, կառուցվել է նոր ժամանակակից ուղևորային տերմինալ, վերակառուցվել է թռիչքուղին, տեղադրվել են նավիգացիոն նորագույն համակարգեր: 2020 թվականին օդանավակայանը շահագործման վկայական է ստացել։ 2023 թվականի օգոստոսի 19-ին իրականացվել է առաջին պաշտոնական չվերթը Երևանից, իսկ 2023 թվականի օգոստոսի 21-ից սկսվել են կանոնավոր ուղևորափոխադրումները: Եթե 2023 թվականին իրականացվել է 25 չվերթ, և ուղևորների ընդհանուր թիվը կազմել է 207 մարդ, ապա 2026 թվականին արդեն տեղափոխվել է 2 932 ուղևոր, և կատարվել է 113 չվերթ: Ամբողջ 2025 թվականի ընթացքում ավիաընկերությունը իրականացրել է 98 չվերթ և փոխադրել 2105 ուղևոր, 2024 թվականին ՝ 76 չվերթ և 1346 ուղևոր։ Նշենք նաև, որ օդանավակայանի կայացման գործում մեծ դեր է խաղացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ): Մասնավորապես, օդանավակայանի շենքի կառուցման, ենթակառուցվածքների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման ծախսերը ֆինանսավորել է ԶՊՄԿ-ը: Կոմբինատը շարունակում է ֆինանսավորել "Սյունիք" օդանավակայանի շահագործման և սպասարկման ծախսերը, ինչպես նաև աշխատակիցների վարձատրությունը: