
ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունը 1,09 մլրդ դրամ կհատկացնի հանրապետության դպրոցներ տանող ավտոճանապարհների վերանորոգման և կառուցման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին կառավարության նիստում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ միջոցներն ուղղվելու են 9,8 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների արդիականացմանը, որոնց հիմնական մասը՝ 9,6 կմ-ը, հիմնանորոգվելու է, իսկ 200 մետր երկարությամբ ճանապարհին կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ։
Ծրագրի պատվիրատուները մարզպետարաններն են։ Աշխատանքների մեծ մասը կիրականացվի հենց նրանց կողմից, իսկ մնացածը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի։ Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում արդիականացվում է 61 ճանապարհ՝ ընդհանուր 99,1 կմ երկարությամբ։ Ճանապարհների մեծ մասում աշխատանքներն արդեն սկսվել են, և նախատեսվում է ավարտել դրանք ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։