Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026 12:30
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն և Ուզբեկստանի Մաքսային կոմիտեն համագործակցություն են հաստատել

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն և Ուզբեկստանի Մաքսային կոմիտեն համագործակցություն են հաստատել

ԱրմԻնֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության կինոլոգիական կենտրոնը և Ուզբեկստանի մաքսային մարմինների կինոլոգիական ստորաբաժանումը ստորագրել են <Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Ուզբեկստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը կից մաքսային կոմիտեի միջև կինոլոգիական ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության մասին> հուշագիր։

Փաստաթղթի նպատակն է ընդլայնել երկու երկրների մաքսային մարմինների կինոլոգիական ծառայությունների միջև համագործակցությունը, փոխանակել տվյալ ոլորտում կիրառվող առաջադեմ մասնագիտական փորձն ու ժամանակակից մեթոդները, ինչպես նաև կատարելագործել ծառայողական շների պատրաստման և ծառայության ընթացքում դրանց օգտագործման գործընթացները։

Հուշագիրը նախատեսում է նաև ամրապնդել համագործակցությունը կինոլոգների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման ու նրանց որակավորման բարձրացման ուղղությամբ։

Փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ է Հայաստանի և Ուզբեկստանի մաքսային մարմինների միջև մասնագիտական կապերի ամրապնդման և կինոլոգիական ծառայությունների ներուժի զարգացման գործում։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ուզբեկստանում անցկացված Համաշխարհային մաքսային կազմակերպության 7-րդ Համաշխարհային կինոլոգիական համաժողովի շրջանակում։