
ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունը կսուբսիդավորի տնտեսավարող սուբյեկտների կողմից խաղողի գնման նպատակով ներգրավվող վարկերի տոկոսադրույքները։ Այդ մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին կառավարության նիստում։
Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ձեռնարկվող միջոցն ուղղված է խաղողի գնման գործընթացում առկա խնդիրների մեղմմանը, որը ամբողջ ծավալով կմեկնարկի մեկ շաբաթից։ Մասնավորապես, նախատեսվում է անբավարար գրավային ապահովման մակարդակի դեպքում տրամադրել մինչև 50% չափով բյուջետային երաշխիք, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարում արտահանված արտադրանքի արժեքը։ Ծրագրի այս մասի իրականացման ժամկետը կսահմանափակվի՝ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը։ 2024 և 2025 թվականներին տրամադրված վարկերի մասով ծրագրին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի հիմնական գումարի մարման լրացուցիչ արտոնյալ պայմաններ՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը, իսկ վարկերի մարման ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս։ Միաժամանակ, յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել վարկերի հիմնական գումարի մարման պայմանները փոփոխելու հնարավորությունից միայն 2024 թվականին տրամադրված վարկերի կամ միայն 2025 թվականին տրամադրված վարկերի համար։ Մեկ այլ որոշմամբ բյուջետային երաշխիքներ են տրամադրվում նաև վարկավորման ծրագրի շրջանակում խաղողի գնում իրականացնող տնտեսական օպերատորներին։ Միաժամանակ, տրամադրվող երաշխիքի գումարը չպետք է գերազանցի ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրված վարկի գումարի 50%-ը, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարում արտահանված արտադրանքի արժեքը։ Բացի այդ, տրամադրվող բյուջետային երաշխիքի նվազագույն գումարը կազմում է 100 մլն դրամ։ Բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց լրացուցիչ գրավի։ Վարկառուին տրամադրված վարկի հիմնական գումարի մարումն առաջին հերթին ուղղվում է բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը։ Բյուջետային երաշխիքները տրամադրվում են մարման առավելագույնը քսանյոթ ամիս ժամկետով։ Տնտեսական օպերատորներից ստացված տեղեկատվության համաձայն՝ 7 շահառու շուրջ 80 հազար տոննա խաղողի գնման պայմանագրեր են կնքել՝ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով։ Այսպիսով, ընթացիկ տարում խաղողի գնման գործընթացն ապահովելու համար տրամադրված բյուջետային երաշխիքների հայտերի ընդհանուր արժեքը գնահատվում է մինչև 6 միլիարդ դրամ։ Շահառուները պետք է ունենան մինչև օգոստոսի 1-ը կնքված պայմանագրեր և գնումների գործընթացն իրականացնեն անկանխիկ եղանակով։
Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքը արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ։ <Խոսելով արտահանման մասին, հատկապես սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի մասով, շատ կարևոր նշանակություն ունի զբոսաշրջության ոլորտում ակտիվությունը", - ընդգծել է նա։ Փաշինյանը նշել է, որ դա նաև խթանում է այցելուների կողմից նշված արտադրանքի նկատմամբ պահանջարկը։