Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026 10:21
Ալեքսանդր Ավանեսով

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին ներկայացվել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման գործընթացը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին ներկայացվել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման գործընթացը

ԱրմԻնֆո.  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր համաժողովի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։

Ինչպես հաղորդում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և հայկական պատվիրակության այլ անդամներ։ Զրուցակիցները քննարկել են ՄԱԳԱՏԷ-ի հետ ոլորտային համագործակցության շրջանակում իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ Մասնավորապես, քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև նոր ատոմակայանի մոդելի ընտրության հետ կապված հարցերը։

Հանդիպման ընթացքում նախարարը վերահաստատել է Ռաֆայել Գրոսիին Հայաստան այցելելու հրավերը՝ COP17-ի շրջանակում նախատեսված միջոցառումներին մասնակցելու նպատակով։

 

Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ում շարունակվում են երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման միջոցառումները։ Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է $165 մլն, որը խնայվել է երկարաձգման առաջին ծրագրի իրականացման ընթացքում։ Ծրագրով նախատեսվում է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել ևս 10 տարով՝ մինչև 2036 թվականը։ Մինչ այդ ժամկետը երկրում նախատեսում են կառուցել նոր ատոմային էներգաբլոկ։ Հիմնական լայնածավալ աշխատանքները նախատեսված էին 2026 թվականին, երբ էներգաբլոկը 5 ամիս կանգնած էր։ Արդիականացման և անվտանգության գնահատման աշխատանքներին մասնակցում են ռուսաստանյան ոլորտային կազմակերպություններ, այդ թվում՝ «Հիդրոպրես» փորձարարական նախագծային բյուրոն և «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնը, ինչպես նաև «Ռուսատոմսերվիս» ընկերությունը։ Ծրագիրն ընդգրկում է կայանի անվտանգության համակարգերի և սարքավորումների արդիականացման ավելի քան 100 նախատեսված միջոցառում և լայնածավալ աշխատանք։

Հիշեցնենք, որ Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի անդամ է 1993 թվականից։  Գործակալությունը վերահսկողություն է իրականացնում հանրապետությունում գործող միակ միջուկային օբյեկտի նկատմամբ։ Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունն արդյունավետորեն զարգանում է ոչ միայն միջուկային էներգետիկայի, այլև միջուկային բժշկության և երկրի տնտեսության այլ ոլորտներում։